Չիլիում 70-ից ավելի նախկին գործակալ դատապարտվել է ազատազրկման՝ Պինոչետի օրոք գործած հանցանքների համար

10:34 • 09.05.14

Չիլիի քաղաքական ոստիկանության 70-ից ավելի նախկին գործակալ հինգշաբթի դատապարտվել է ազատազրկման՝ Աուգուստո Պինոչետի բռնապետության օրոք գործած հանցանքների համար, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Telesur ալիքին:

 

Խոսքը Խորխե Գրես Աբուրտոյի առևանգման և անհետացման մասին է, ում ձերբակալել էին DINA գաղտնի ծառայության աշխատակիցները 1974 թվականի մայիսին: Դատարանը DINA-ի վեց բարձրաստիճան աշխատակցի դատապարտել է 13 տարվա ազատազրկման, ևս 35 գործակալ դատապարտվել է 10 տարվա և 33 մարդ՝ 4 տարվա ազատազրկման։ Դատապարտյալների թվում է նաև DINA-ի նախկին ղեկավար Մանուել Կոնտրերասը, ով արդեն ցմահ դատապարտվել է այլ հանցագործությունների համար:

 

1973 թվականի հեղաշրջման հետևանքով Չիլիում իշխանությունը 16 տարով անցել է բռնապետ Պինոչետի ձեռքը: Պաշտոնական տվյալներով՝ 1973-ից 1990 թվականներին նրա նախագահության տարիներին Չիլիում քաղաքական դրդապատճառներով սպանվել է մոտ 3.200 մարդ, գրեթե 1.200-ն անհետ կորել է, և մոտ 28 հազար մարդ ենթարկվել խոշտանգումների։