Սուրճը կարող է պաշտպանել տեսողությունը՝ կանխելով աչքի ցանցաթաղանթի քայքայումը. հետազոտություն
Գիտնականները պնդում են, որ օրական մեկ բաժակ սուրճը կարող է փրկել տեսողությունը: Սուրճի մեջ առկա քիմիական բաղադրությունը կանխում է տեսողության վատթարացումը և հնարավոր կուրացումը՝ գլաուկոմայի, ծերության կամ շաքարախտի հետևանքով առաջացող ցանցաթաղանթի քայքայման պատճառով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ տվյալ հայտնագործությունն արել են Նյու Յորքի Քորնուելի համալսարանի հետազոտողները՝ սուրճի հակաօքսիդանտ ազդեցությունն ուսումնասիրելիս:
Սուրճը պարունակում է 1 տոկոս կոֆեին, սակայն 7-9 տոկոս քլորոգեն թթու, որն ուժեղ հակաօքսիդանտ է: Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում հրապարակված հոդվածում նկարագրվում է, թե ինչպես է սուրճի մեջ պարունակվող թթուն կանխում աչքի ցանացաթաղանթի քայքայումը:
«Ցանցաթաղանթը բարակ հյուսվածքային շերտ է աչքի հետին պատում, որը միլիոնավոր լույսի նկատմամբ զգայուն և այլ նյարդային բջիջներ է պարունակում, որոնք ստանում և բաշխում են տեսողական ինֆորմացիան: Այն ամենաակտիվ հյուսվածքներից է, որը թթվածնի մեծ քանակություն է պահանջում, որի պակասը և ազատ ռադիկալների արտադրությունը հանգեցնում է հյուսվածքի վնասվելուն և տեսողության կորստին: Սուրճն այսօր ամենակիրառվող խմիչքներից է աշխարհում, և պետք է գիտակցել, թե ինչ օգտակար հատկություն այն կարող է ունենալ», - ասել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Չանգ Լին:










