«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» մեղադրել է Կիևին Մարիուպոլում քիմիական զենք կիրառելու համար
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» ՌԴ-ին խնդրում է դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, որպեսզի դրա մասնագետները փաստերի օբյեկտիվ և համակողմանի հետաքննություն անցկացնեն Կիևի կողմից Մարիուպոլ քաղաքում քիմիական զենքի կիրառման առնչությամբ։ Այդ մասին ասված է այսպես կոչված՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ում, հաղորդում է telegraf.com.ua-ն:
«2014 թվականի մայիսի 6-ին Մարիուպոլ քաղաքում զինված ջոկատները, որոնք ենթարկվում են Կիևի իշխանություններին, քաղաքային խորհրդի շենքի վրա հարձակման ժամանակ օգտագործել են անհայտ տեսակի քիմիական զենք: Քաղաքային խորհրդի պաշտպանները լքել են վայրը: Նրանցից շատերը շնչառական ուղիների վնասվածք են ստացել՝ առողջության համար վտանգավոր հետևանքներով»,- ասված է հայտարարության մեջ:
Այդ առնչությամբ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ԱԳՆ-ն կոչ է արել բոլոր պետություններին դատապարտել Մարիուպոլում «քիմիական թունավոր և խեղդող զենքի» կիրառման փաստերը: Բացի այդ՝ նրանք խնդրում են Ռուսաստանին դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպություն՝ Մարիուպոլում Կիևի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման փաստի վերաբերյալ ամբողջական հետաքննություն անցկացնելու համար։










