Սեյրան Օհանյանը շնորհավորեց բոլոր վետերաններին, իսկ հայ ժողովրդին հաղթանակ մաղթեց նաև դիվանագիտական դաշտում
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Հաղթանակի զբոսայգում շնորհավորեց բոլոր վետերաններին՝ թե՛ Հայրենական մեծ պատերազմի, թե՛ Արցախյան ազատամարտի: Նա նշեց, որ Մայիսի 9-ը ամենավառ ու հիշարժան օրերից մեկն է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ նաև Խորհրդային Միության ու մի շարք եվրոպական երկրների համար:
«Մենք մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք բոլոր մասնակիցներին: Նրանց շնորհիվ է, որ երկարատև խաղաղություն է ձեռք բերվել աշխարհում: Այսօր մեզ համար եռատոն է, մայիսը հաղթանակների ամիս է. նախ ազատագրեցինք Շուշին, ստեղծվեց ԼՂ պաշտպանության բանակը և կամավորականների հետ կարողացանք ազատագրել Արցախը»,-ասաց նա:
Պաշտպանության նախարարն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը և հաղթանակ մաղթեց հայ ժողովրդին նաև դիվանագիտական դաշտում:
«Որքան էլ դիվանագիտական դաշտում մենք պայքարենք, միևնույնն է, գտնում եմ, որ մենք՝ զինվորականներս, տարել ենք այն հաղթանակը, որը անհրաժեշտ էր և այսօր էլ անհրաժեշտ է, որ մեր ղեկավարությունը դիվանագիտական դաշտում կարողանա նաև հաջողություններ ունենալ: Կարծում եմ, որ Ուորլիքը նորություն չի հայտարարել, և մեր խնդիրն է շարունակել պայքարը և ամեն ինչ անել, որպեսզի մեր նպատակները իրագործվեն»,- ասաց նա:










