Շուշին ապացուցեց, որ հայ զինվորն անպարտելի է. մայիսի 9-ը`հայության եռատոն
Ուղիղ 22 տարի է մայիսի 9-ը եռակի խորհուրդ ունի հայերի համար: Անցյալ դարի 40-ականներին տեղի ունեցած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդին 1992թ.-ին գումարվեց նաև Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման խորհուրդը, որին հաջորդեց նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:
«Միանշանակ կարելի է ասել, որ Շուշիի ազատագրումն Արցախյան պատերազմում արմատական բեկում մտցրեց և ամենակարևորը մեզանում վերջնականապես ջարդուփշուր արեց այն թյուր պատկերացումը, թե թուրքն անպարտելի է: Պատահական չէ, որ Շուշիից հետո սկսվեցին հաղթանակների շարանները, և 1993-94 թվականներին եղավ ամբողջ Արցախի ազատագրումը, և 1994թ.-ին կնքվեց բաղձալի զինադադարը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Աշոտ Մելքոնյանը:
Հայ ժողովրդի հաղթանակներից պատմաբանն առանձնացրեց. «Շուշին ապացուցեց, որ հայ զինվորն անպարտելի է. երբ նրան դատապարտում են, նա ամենաանելանելի վիճակում նախընտրում է ամենադժվար ճանապարհը։ Եվ գտնվելով շրջափակման մեջ, ՀՀ-ից կտրված, մայիսի 9-ի գիշերը ազատագրեց Շուշին և մեկ շաբաթ հետո Լաչինի միջանցքով դուրս եկավ դեպի Հայաստանի Հանրապետություն»։
Նրա խոսքով՝ Շուշին հայ ժողովրդի պատմության մեջ պետք է մնա որպես մի լուսավոր էջ: «Շուշին պաշարվել էր պարսիկների, ռուսների կողմից, բայց մնաց անպարտելի, հայ զինվորը վերականգնեց այդ անպարտելիությունը»:
Պատմաբանը նաև ամենամեծ սխալը համարեց այն, որ շատերը փորձում են Շուշիի համահայկական օպերացիան վերագրել անձերի: «Այստեղ ամբողջական հայ ժողովրդի ներդրումը գոյություն ունի առանց չափազանցության, որովհետև այդ գործողությունը երկար ժամանակ մշակվում էր, այն կադրային զինվորականի ձևով մշակվել է, և բոլորն ունեն իրենց արժանի մասնակցությունը՝ Գուրգեն Դալիբալթայան, Արկադի Տեր-Թադևոսյան, Ֆելիքս Գզողյան, Սեյրան Օհանյան, Սերժ Սարգսյան»,-ասաց նա՝ ընդգծելով, որ երբ վիճարկում են, թե հանրապետության Նախագահը դեմ է եղել Շուշիի ազատագրմանը, սխալ է. «Նույն Գուրգեն Դալիբալթայանը բազմիցս հայտարարել է, որ նման բան չէր կարող լինել, քանի որ ազատագրել Շուշին առանց բարձրագույն ղեկավարության, հնարավոր չէր լինի»:
Պատմաբանը խոսեց նաև նոր սերնդի կողմից մայիսյան հաղթանակների ընկալման մասին՝ շեշտելով, թե մարդկանց մեջ կա այն թյուր տեսակետը, թե այսօրվա սերունդն այլևս պատրաստ չի խիզախումների. «Ես բացարձակապես չեմ կիսում այդ տեսակետը, համոզված եմ, որ եթե ճակատագիրը բաժին հանի այս սերնդին ևս կռվելու, այս սերունդը ևս կկռվի, մեր կողքին գտնվող շատ երիտասարդներ վաղը կարող են դառնալ հերոսներ»:
Աշոտ Մելքոնյանը նաև հիշեցրեց, որ 22-ամյա խաղաղությունը պետք է ամրապնդել և վերածել կայուն հաղթանակի առանց որևէ թիզ հող կորցնելու:
Նշենք, որ մարտական գործողությունների արդյունքում 22 տարի առաջ այս օրն Արցախի քաղաքներից մեկն արդեն ամբողջությամբ ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք մինչ այդ աշխարհագրորեն ավելի բարձր դիրքում գտնվող այս քաղաքից ռմբակոծում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը:
Շուշիի ազատագրումը համարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին մեծ հաղթանակը: Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ ԼՂՀ-ում կաթվածահար էր եղել տնտեսությունը:
1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4 740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել՝ 332 խաղաղ բնակիչ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն:










