Ես իմ խոսքերը երբեք հետ չեմ վերցնի. Իվան Վոլինկին
Հայաստանում Ռուսասանի դեսպան Իվան Վոլինկինը այսօր հաղթանակի զբոսայգում պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ իր վերջին հայտարարությունը բացասական են ընդունել ոչ թե Հայաստանում ընդհանրապես, այլ առանձին կառույցներ:
«Կրկնում եմ` ես կոչ չեմ անում Հայաստանից գնալ, այլ՝ բոլոր հարցերում ազնիվ լինել: Ես իմ խոսքերը երբեք հետ չեմ վերցնի, պարզապես այլ հարց է, որ իմ խոսքերը կարող են իրենց ցանկացած ձևով մեկնաբանել: Ես եկել եմ այստեղ, որպեսզի երկու ազգերի միջև լավ հարաբերությունները շարունակվի` փոխադարձ հարգանքի ու սիրո վրա, իսկ թե ինչպես կմեկնաբանեն իմ խոսքերն առանձին մարդիկ, դա արդեն իրենց խղճի վրա է»,-ասաց նա:
Իվան Վոլինկինը նշեց, որ յուրաքանչյուրի իրավունքն է քննադատել, սակայն յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում՝ ըստ իր խղճի և մտքի:
Հիշեցնենք, որ դեսպանը հարցազրույցը տվել է Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին և նշել, որ պետք է զբաղվել ՀՀ-ում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:










