Եմենում սպանվել է «Ալ Կաիդա» խմբավորման առաջնորդներից մեկը

17:12 • 09.05.14

Եմենի կառավարական ուժերը չեզոքացրել են «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության եմենյան թևի ղեկավար Մուհամեդ Սաիդ ալ Շաբվանիին, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse գործակալությանը։
Շաբվանին սպանվել է ուրբաթ գիշեր մայրաքաղաք Սանայում։ «Նա որոնվում էր և խմբավորման ամենավտանգավոր առաջնորդներից էր»,- հայտնել է գործակալությունը։

Շաբվանին մեղադրվում էր այնպիսի հանցագործությունների համար, ինչպես առևանգում, ոստիկանների և արտասահմանցիների սպանություն։

Հիշեցնենք, որ Եմենի ոստիկանությունը ապրիլի 29-ին Շաբվա և Աբյեն նահանգներում լայնածավալ գործողություններ է սկսել «Ալ Կաիդա»-ի դեմ։ Նախորդ կիրակի զինվորականները չեզոքացրել էին 37 գրոհայինների։