Գիտնականները բացահայտել են, թե ովքեր են կառուցել Սթոունհենջը
Բուքինգհեմի համալսարանի գիտնականները հաստատել են, որ կարողացել են բացահայտել պատմության ու ժամանակի գաղտնիքներից մեկը` պարզելով, թե ով է կանգնած Մեծ Բրիտանիայի հայտնի մեգալիթյան հուշարձանի կառուցման ետևում:
Ինչպես հայտնում է Russia Today-ը` The Huffington Post-ին հղումով, բրիտանացիները պարզել են, որ Սթոունհենջը կառուցել են տեղաբնակ բրիտանացիները, ովքեր այդ տարածաշրջանում բնակվել են հազարավոր տարիներ շարունակ: Ըստ գիտնականների՝ այս հայտնագործումը հակասում է նախկինում ընդունված տեսակետին, որի համաձայն` հուշարձանն ամայի վայրում կանգնեցրել են Եվրոպա մայրցամաքից ներգաղթած մարդիկ:
Անցյալ տարվա հոկտեմբերին հնագետ Դևիդ Ժակի գլխավորած արշավախումբը պեղումներ է կատարել Սթոունհենջի շրջակայքում` 2.5 կմ հեռավորությամբ, որի ընթացքում հայտնաբերված գործիքները, կենդանիների ոսկորները և այլ հայտնագործություններ վկայում են այնտեղ բնակվող հնագույն ժողովրդի և նրանց կենսակերպի մասին:
Ածխածնի հայտնաբերված հետքերի և այլ գտածոների շնորհիվ գիտնականները պարզել են, որ պեղումների տարածքում, ինչպեսև՝ Սթոունհենջի մոտակայքում, մարդիկ բնակվել են մ.թ.ա. 8820-6590 թվականին, ինչը հաստատում է, որ Մեծ Բրիտանիայի այս հատվածը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից:










