«Աերոֆլոտ»-ը մինչև մայիսի 31-ը դադարեցնում է Դոնեցկ և Խարկով չվերթները

16:42 • 12.05.14

«Աերոֆլոտ- ռուսական ավիաուղիներ» ընկերությունը Դոնեցկ և Խարկով ուղղություններով չվերթների դադարեցումը երկարաձգել է մինչև մայիսի 31-ը, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով ավիաընկերության աղբյուրին։

 

«Աերոֆլոտ»-ը Դոնեցկ և Խարկով ուղղություններով չվերթները դադարեցնելու մասին հայտարարել էր մայիսի 2-ին, այնուհետ երկու անգամ երկարացրել այդ որոշումը՝ սկզբից մինչև մայիսի 6-7-ը, այնուհետ՝ մինչև մայիսի 12-ը:

 

Արգելքը կրկին երկարաձգելու մասին որոշումն ընդունվել է Ուկրաինայի պետական ավիածառայության նոր հրամանի առնչությամբ, որը ստացել են «Աերոֆլոտ»-ը և Դոնեցկ և Խարկով թռիչքներ կատարող այլ փոխադրողներ, հստակեցրել է ria.ru-ի աղբյուրը: Ընդ որում՝ չի բացառվում չվերթների դադարեցման հետագա երկարաձգումը:

 

Մայիսի 6-ին Դոնեցկի օդանավակայանն Ուկրաինայի պետական ավիածառայության հրամանով ընդհանրապես դադարեցրել էր չվերթներ ընդունել, սակայն երեկոյան թռիչքները վերսկսվել էին: