Հստակ է, որ վերադարձ անցյալին չի կարող լինել ո՛չ սահմանների, ո՛չ էլ՝ կարգավիճակի առումով. Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ ասաց, թե իրենք բազմիցս հայտարարել են իրենց տեսակետը, որ պատրաստ են փոխզիջումային տարբերակով հարցի կարգավորմանը, բայց այդ փոխզիջումը պետք է լինի այնպիսին, որ որևէ ձևով հետագայում պատերազմի վերսկսման հիմք չստեղծի, որևէ կողմի համար չպետք է ստեղծվեն գայթակղիչ պայմաններ, որպեսզի փորձ կատարվի հարցը լուծել ուժի միջոցով:
«Մեզ համար հստակ է, որ վերադարձ անցյալին չի կարող լինել ո՛չ սահմանների, ո՛չ էլ կարգավիճակի առումով: Բոլոր մոտեցումները, որոնք փաստորեն իրավիճակը վերադարձնում են 1988 կամ 1991 թվականի դրությանը, դրանք բոլորը հղի են անկանխատեսելի հետևանքներով»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը նույնպես Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի կնքման 20-ամյակի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով: Նա նշել է, որ խաղաղություն հնարավոր կլինի միայն 2 կողմերի փոխզիջումների արդյունքում, ինչն այսօր շատ դժվար է:
«Բայց նույն այդ Ալիևն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը չի թողնի, որպեսզի ստեղծվի երկրորդ հայկական պետությունը»,-արձագանքեց ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակը՝ հավելելով. «Սա ի՞նչ է նշանակում. այն, որ նախևառաջ՝ Ադրբեջանը կարգավիճակի առումով չի ընդունում Արցախի անկախությունը, այսինքն՝ եթե մենք այնպիսի զիջումներ անենք, որ դառնանք անպաշտպան, նույնիսկ՝ այդ դեպքում չի ընդունելու: Մենք շատ լավ ենք իմանում, թե ով է Ադրբեջանը, և այնտեղ ով ինչ է մտածում: Մեզ համար կարևոր է այն տարիների փորձը, որ մենք ձեռք ենք բերել Ադրբեջանի հետ շփումների միջոցով: Մենք Ադրբեջանը շատ լավ գիտենք, ավելի լավ, քան որևէ մեկը: Բոլորն էլ կարող են կարծիք հայտնել, դա իրենց իրավունքն է, բայց դա չի նշանակում, որ դրանք պարտադիր են կամ մեզ համար պետք է ուղեգիր լինեն»:










