Ռուսաստանում առաջարկում են ստեղծել «Եվրատեսիլի» այլընտրանքը՝ «Եվրասիայի ձայնը»
Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունից, գրում է lenta.ru-ն:
«Վերջին «Եվրատեսիլի» արդյունքները լցրեցին համբերության բաժակը: Պետք է արդեն ընթացիկ տարում դուրս գալ այդ մրցույթից: Չի կարելի այլևս այդ անսահման խենթությունը տանել»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանն ամեն տարի «Եվրատեսիլին» մասնակցելու համար ծախսում է 40 միլիոն եվրո:
Ռաշկինի խոսքով՝ որպես այլընտրանք Ռուսաստանը կարող է ստեղծել «Եվրասիայի ձայնը» երգի մրցույթը:
«Մենք միջազգային մակարդակի այնպիսի խոշոր միջոցառումներ ենք անցկացնում, ինչպես Օլիմպիադան է, և նման մրցույթ հեշտությամբ կկարողանանք կազմակերպել: Կարծում եմ՝ Եվրասիական տարածքում բոլոր երկրները և շատ այլ երկրներ մեզ կաջակցեն»,- հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն՝ խնդրելով թույլ չտալ «Եվրատեսիլ- 2014» երգի մրցույթում հաղթած Կոնչիտա Վուրստին համերգ տալ Ռուսաստանի տարածքում։










