ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանմանը
Եվրոպական միության անդամ երկրների արտգործնախարարները հաստատել են Ղրիմի երկու ընկերությունների, ինչպես նաև 13 անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է ԵՄ դիվանագիտական աղբյուրը։
«Պատժամիջոցներ են սահմանվել 2 ղրիմյան ընկերությունների և 13 անձանց հանդեպ։ Ես չեմ նշելու նրանց քաղաքացիությունը։ Դրանք կհրապարակի ԵՄ-ն՝ օրվա երկրորդ կեսին»,-ասել է նա։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է քննարկի Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը։
Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցները կախված են լինելու Ուկրաինայի առաջիկա ընտրությունների ընթացքում Ռուսաստանի վերաբերմունքից։
Հիշեցնենք, որ Արևմուտքը մարտին չէր ընդունել Ղրիմի միացումը Ռուսաստանին և պատժամիջոցներ էր սահմանել մի շարք ռուս քաղաքական գործիչների և գործարարների հանդեպ։ Ապրիլի 28-ին, Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված, ԱՄՆ-ն 17 ընկերությունների և 7 ռուսների հանդեպ պատժամիջոցներ էր սահմանել և ընդլայնել պատժամիջոցների ցանկը։
ԵՄ-ն ևս ընդլայնել էր ցանկն ու ընդգրկել ևս 15 մարդու։










