Իռլանդիայում 80.000 մարդ մասնակցել է ինքնասպանություն գործած մարդկանց մտերիմներին սատարելու երթին (լուսանկարներ, տեսանյութ)
Իռլանդիայում մոտ 80.000 մարդ է հավաքվել՝ հիշելու բոլոր նրանց, ովքեր ինքնասպանություն են գործել, հայտնում է Russia Today-ը։
Դա ամենամյա Darkness into Light անվանումով բարեգործական միջոցառում է, որը կազմակերպում է Pieta House հիմնադրամը։ Միջոցառումն անցկացվել է իռլանդական 37 քաղաքներում, երթին աջակցել են նաև Լոնդոնում և Սիդնեյում։
Մարդիկ հավաքվել են առավոտյան ժամը 4։15-ին՝ ինքնասպանություն գործած մարդկանց հարազատներին և մտերիմներին իրենց համերաշխությունը հայտնելու համար։ Այս տարի միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել է 2 անգամ ավելի շատ մարդ, քան նախորդ տարի։ Դուբլինի Ֆենիքս պուրակը երթի մասնակիցների հավաքվելու հիմնական վայրն է։ Կազմակերպիչները նշել են, որ ապշած են մարդկանց քանակից։
«Դա ընդգծում է այն, որ մենք աճել ենք որպես գիտակից հասարակություն. ինքնասպանությունն այլևս այն չէ, ինչից մենք վախենում ենք և փորձում ենք որքան հնարավոր է արագ «քողարկել»։ Հազարավոր մարդիկ հավաքվում են՝ կառավարությանն ազդանշան ուղարկելու համար։ Մարդիկ Իռլանդիայում շատ լուրջ են վերաբերվում ինքնասպանության խնդրին, պետք է գործել հենց հիմա»,- հայտարարել է բարեգործական կազմակերպության հիմնադիր Ջոան Ֆրիմանը։
























