ԼՂ խնդրի կարգավորման շուրջ այս ակտիվությունը միջազգային իրավիճակի լարվածության հետ է կապված. Մանվել Սարգսյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նոր խոսք չկա, պարզապես համանախագահները վերահաստատել են իրենց դիրքորշումը ԼՂ խնդրի լուծման կապակցությամբ:
«Ես որևէ նոր բան չեմ տեսել, ուղղակի այն փաստը, որ մեկը մյուսի ետևից հայտարարություններ են անում, սկզբում՝ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հետո այս հայտարարությունը, կապված են միջազգային վիճակի հետ: Մինչ Ուորլիքի վերջին հայտարարությունը՝ նա մի քանի անգամ գրել է, որ Ղրիմի դեպքերը ցույց են տալիս, որ ԼՂ խնդիրը պետք է շուտափույթ կարգավորել: Բնական է, որ այս ակտիվությունը միջազգային իրավիճակի լարվածության հետ է կապված»,-ասաց նա:
Մանվել Սարգսյանը նաև ընդգծեց, որ այսօր միջազգային հարաբերություններում լարվածություն կա՝ միջազգային հանրությունը Ռուսաստանի հետ խնդիրներ ունի, ինչն էլ պատճառ է, որ բոլոր կողմերից կրկին հիշեցնեն խաղի կանոնները:
Հիշեցնենք՝ վերոնշյալ հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները նշում են, որ հրադադարի մասին համաձայնագիրը չի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Իսկ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում: Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին՝ նշելով վեց տարր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն:










