Վրաստանի նախագահի համար իր վարկանիշի անկումը սպասելի է եղել
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, թե իր համար սպասելի էր իր վարկանիշի անկումը, տեղեկացնում է Грузия online-ը։
Նա այդ մասին հայտարարել է՝ մեկնաբանելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքները, համաձայն որի Վրաստանի նախագահի վարկանիշը 46% է։ 2013թ.-ի նոյեմբերի ուսումնասիրության արդյունքում նրան հավանում էր վրացիների 72%-ը։
Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի քննադատությունից հետո բոլոր այն մարդիկ, որոնք իրեն սատարում էին հանուն նախկին վարչապետի, իրեն դեմ են արտահայտվել։
«Իմ վարկանիշի անկումը չափազանց սպասելի էր ինձ համար։ Ես մինչ այդ էլ բազմիցս հայտարարել եմ, որ Բիձինա Իվանիշվիլին մեծ ներդրում է ունեցել այն հաջողության համար, որը ես գրանցեցի ընտրությունների ընթացքում։ Բիձինայի քննադատությունից հետո բոլոր նրանք, ովքեր ինձ աջակցել էին հանուն նրա, իմ դեմ արտահայտվեցին։ Այդ պատճառով դա ինձ համար ընդունելի և բնական է»,-ասել է նա։










