Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է Ուկրաինայի համար կանխավճարային համակարգ սահմանել մայիսի 13-ից

21:29 • 12.05.14

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Գազպրոմին» հանձնարարել է մայիսի 13-ից Ուկրաինայի համար գազի դիմաց վճարման կանխավճարային համակարգ սահմանել: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը:


«Բավական է ձգձգել, տեղեկացրեք նրանց և վաղվանից սկսած` կանխավճարային համակարգ սահմանեք: Կարծում եմ, որ «Գազպրոմը» նախաձեռնել է այս իրավիճակի կարգավորմանն ուղղված բոլոր հնարավոր միջոցները», - նշել է Մեդվեդևը «Գազպրոմի» ղեկավար Ալեկսեյ Միլլերի և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ հանդիպմանը:


Մեդվեդևը հայտարարել է նաև, որ Եվրահանձնաժողովը պետք է Կիևին գազի դիմաց պարտքի մարման անհրաժեշտության ազդանշան ուղարկի: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների անվերջ բանակցությունները Եվրահանձնաժողովի անդամ գործընկերների հետ ոչնչի չեն հանգեցնի:


Միլլերն, իր հերթին, ընդգծել է, որ հունիսին մատակարարվելիք գազի դիմաց հաշիվը Ուկրաինայի «Նավթոգազը» կստանա մայիսի 13-ին, իսկ վճարել այն պարտավոր է մինչև հունիսի 2-ը: