Կողմերը ոչ թե Մադրիդյան փաստաթղթի բոլոր սկզբունքներն են ընդունել, այլ այն որպես հիմք են ընդունել. Շավարշ Քոչարյան

14:52 • 12.05.14

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընդգրկված կողմերը Մադրիդյան փաստաթուղթը որպես հիմք են ընդունել՝ բանակցությունների համար, այլ ոչ թե դրանում ընդգրկված բոլոր սկզբունքներն են ընդունել:


Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի ԵԱՀԿ Մինսկի խմբի
հայտարարությունը` հրադադարի 20-ամյակի առիթով: Հիշեցնենք, որ դրանում Մինսկի խմբի համանախագահները նշում են, որ հրադադարի մասին համաձայնագիրը չի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։


«Որպեսզի այդ բանակցություններում առաջընթաց լինի, անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ավելացրեց Շավարշ Քոչարյանը:


Նշենք, որ հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ» այս և այլ կարգի ձևակերպումներ կան:


Շ.Քոչարյանը, ի պատասխան հարցի, թե սա մտահոգիչ չէ, ասաց, որ սրանք ամենասուր կետերն են, որի շուրջ ակնհայտ է, որ անհամաձայնություն կա, ինչն էլ մատնանշում են համանախագահները:


Ըստ Շ. Քոչարյանի` ակնհայտ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ 3 պետությունների` ՌԴ , ԱՄՆ, Ֆրանսիա, բոլոր հայտարարությունները հստակ ընդգծում են խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և հայտարարություններից մեկում միանշանակ Ադրբեջանին հասցեագրված ասվել է, որ առկա հետևանքները` մարդկային զոհեր, ավերածություններ և այլն, ուժային կարգավորման արդյունք են, և նոր ուժի կիրառումը կբերի նոր ավերածությունների ու զրկանքների:


«Հետևաբար, այդ ձևաչափն ունի 2 առաքելություն` նպաստելու, որ կողմերը կարողանան հասնել փոխզիջումների հիման վրա համաձայնության և թույլ չտալ, որ այն փխրուն զինադադարը, որի 20-ամյակն է և որի կապակցությամբ էլ համանախագահները հայտարարություն են արել, ընդհատվի և վերածվի ռազմական գործողությունների»,- ասաց նա։