Ուկրաինայի ժամանակավոր նախագահի անվտանգությունն ուժեղացվել է

13:36 • 12.05.14

Ուկրաինայում ուժեղացրել են բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Сегодня»-ին, որն էլ վկայակոչում է Պետական անվտանգության վարչության ղեկավար Վալերի Գելետեյին: Դա պայմանավորված է նրանց կյանքին սպառնացող վտանգի մասին ստացված տեղեկություններով։

 

«Օրերս Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեղեկացրել է մեզ ոչ միայն նախագահի թեկնածուների, այլև իշխանության ներկայացուցիչների (Տուրչինովի, Յացենյուկի, Յարեմայի) դեմ սպասվող մահափորձերի մասին: Այդ մարդիկ արդեն ունեն անվտանգությունն ապահովող պետական թիկնազոր: Նոր տեղեկությունները հաշվի առնելով՝ այն ուժեղացրել են»,- պատմել է աղբյուրը:

 

Թե ումից են ստացվում ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովի, վարչապետ Արսենի Յացենյուկի և առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմայի նկատմամբ սպառնալիքները, Գելետեյը չի հստակեցրել:

 

Ավելի վաղ Տուրչինովն ինքն էր հրաման տվել ապահովել որոշ նախագահի թեկնածուների անվտանգությունը։

 

Նախագահի ընտրությունները նախատեսված են մայիսի 25-ին։