ՀԱԿ-ը գործարքի չի գնա և դեմ կքվեարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» նախագծին

14:07 • 12.05.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը դեմ է քվեարկելու Կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, քանի որ Կառավարությունը փորձում է ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ գործարք կնքել, որը թույլ կտա ժամանակ շահել ու թուլացնել «Դեմ եմ»-ի շարժումը. այս մասին այսօր նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։


Նա նշեց, որ ամիսներ շարունակ պահումներ էին արվում՝ առանց հաշվի առնելու որևէ մեկի կարծիքը: Մինչդեռ այս նախագծով Կառավարությունն առաջարկում է անձի կամարտահայտությամբ որոշել պահումներ արվելո՞ւ են, թե՝ ոչ: Այսինքն՝ եթե անձը չի ցանկանում, որ պահումներ արվեն իրենից, նա պետք է դիմում գրի ու գործատուին տեղեկացնի այդ մասին: Զուրաբյանը հենց սրա մեջ էլ միտում է տեսնում:


«Պարզ է՝ ինչի համար է դա արվում, այս հնարավորությունից կօգտվեն ամենաակտիվ քաղաքացիները: Կառավարության հաշվարկով՝ դա կհանդարտեցնի առավելագույն ակտիվ մարդկանց, իսկ պասիվ մեծամասնությանը կարելի է ոչ մի բանի տեղ չդնել: Նույն բանն է, որ ասենք՝ թալանել բնակչությանը»,- նշեց նա:


ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ իշխանությունն ամեն գնով ցանկանում է պահել այս համակարգը, ՍԴ-ի ուղեցույցով հիմա նոր օրենք են բերել ԱԺ, որ նույն կեղեքող օրենքն է: «Սոցիալական վճարներն են ավելացնելու, ուրիշ ելք են գտնելու, գնալու են հարկային բեռի ավելացման ճանապարհով... Կապրենք՝ կտեսնենք, սակայն հետաքրքրական է այն, որ մենք բոլորս շատ պարզ ասենք, որ Կառավարությունը չի ուզում պարտադիր բաղադրիչը վերացնել»,-շեշտեց նա:


Զուրաբյանը նաև ասաց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ այցելեց քառյակի նիստին, քանի որ այլ մտադրություն ուներ: «Փորձում է ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ կնքել սեփական գործարք, որը թույլ կտա ժամանակ շահել ու թուլացնել «Դեմ եմ»-ի շարժումը: Մենք հայտարարում ենք, որ ՀԱԿ-ը չի կիսի պատասխանատվություն այս խաբեության համար, մենք գործարքի չենք գնա, և մինչև վերջ գնալու ենք ժողովրդի արդարացի պահանջներն իրագործելու ճանապարհով»,- հայտարարեց նա:


Լևոն Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Լավ չեք անում, որ չեք հավատում»: