Ֆրանսուա Օլանդը վերահաստատեց իր ներկայությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսին այսօր վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում անցկացվելիք միջոցառումներին:
«Սա քայլ է մի ազգի նկատմամբ, որը ծանր ցավեր է տարել ու տուժել: Սա աշխարհին նվիրված խոսք է, որպեսզի այդպիսի սարսափելի ջարդեր ու եղեռներ այլևս չկրկնեվն աշխարհում: Ֆրանսիայի պատասխանատվությունն է, որ աշխարհում նման բաներ չլինեն»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է գնահատոմ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին Թուրքիայի վարչապետի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և արդյոք, եթե վերջինս անկեղծ ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա պետք է քաղաքական կամք դրսևորի և վավերացնի արդեն իսկ բնակեցված հայ-թուրքական արձանագրությունները, պատասխանեց. «Արդեն դրա մասին խոսել եմ, երբ որ վարչապետը այդ հայտարարությունը արել է: Բայց ես միշտ դրական կողմն եմ ցանկանում տեսնել: Բայց, իհարկե, ես կենսական էի համարում, որ նա ջարդերը որակեր որպես ցեղասպանություն: Բայց կա մի լուծում՝ ցեղասպանության ճանաչումը»,-ասաց նա:
Իր հերթին Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը մտադիր էր հրավիրել Ֆրանսուա Օլանդին ներկա գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագահը դիմելով Ֆրանսիայի նախագահին, ասաց. «Պատկերացրեք, թե որքան բարձր է գնահատվել մեր ժողովրևդի կողմից Ձեր նախաձեռնությունը, մենք Ձեր քայլը ընդունում ենք, որպես խոսուն վկայություն երկու ժողովուրդների բարեկամության»,-ասաց նա:










