ԼՂ խնդրի հարցում մոտեցումները յուրովի մեկնաբանելու Ադրբեջանի փորձերն անիմաստ են. Սերժ Սարգսյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված հրադադարի 20-ամյակի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի առանձին, ինչպես նաև համանախագների համատեղ հայտարարություններում որևէ նոր բան չկար, այս մասին այսօր՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ տված համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ մեկ անգամ չէ, որ համանախագահները գրավոր կամ բանավոր արտահայտել են իրենց միասնական կարծիքը: «Դա այն է որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է իրավական պարտադիր ուժ ունեցող, ժողովրդի ազատ կամարտահայտման սկզբունքով որոշվի: Այս մասին նաև հայտարարել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագաները և ԵԱՀԿ համանախագահները: Ուորլիքը որևէ նոր բան չասաց, ասաց այն, ինչ ասել էր իր նախագահը տարբեր առիթներով ... Ինչքան էլ փորձի Ադրբջանի ղեկավարությունը այդ մոտեցումները յուրովի մեկնաբանել, սկզբունքները յուրովի մենկաբանել, միևնույն է, ոչինչ չի ստացվելու»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, որ չի կարելի բոլոր հակամարտությոյւնները դիտարկել մեկ հարթության մեջ, ուստի մոտեցումները տարբեր են:
«Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը, յուրաքանչյուրի լուծման համար կան նախադրյալներ: Միջազգային հանրությունը լուծումը պայմանավորում է այդ նախադրյալներով»,- ասաց նա և ընդգծեց, որ չի կիսում այն կարծիքը, թե տարբեր երկրներ երկակի ստանդարտներ են կիրառում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր հերթին հիշեցրեց, որ ինքը երկու օր առաջ գտնվում էր Բաքվում, որտեղ պատրաստակամություն է հայտնել անել ամեն ինչ՝ ԼՂ խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
«Երեկ զինադադարի քսանամյակն էր, բայց դա լուծում չէ, պետք է նոր լուծում գտնել: Սա հակամարտություն է, ոը հազարավոր կյանքեր է խլել: Ֆրանսիան պատրաստ է ընդունել երկու երկրների նախագահներին էլ, որպեսզի փոխվստահության ճանապարհներ գտնեն»,- ասաց նա:










