«Դոմոդեդովոյում» բորտուղեկցորդուհին ընկել է թռիչքի պատրաստվող ինքնաթիռից
Aegean Airlines ավիաընկերության աշխատակցուհի Պարասկևի Պապաեֆտիմիուն ՌԴ «Դոմոդեդովո» օդանավակայանում ընկել է ինքնաթիռի դռնից, երբ այն պատրաստվում էր դեպի Աթենք թռիչքի, գրում է lifenews.ru-ն:
Նախնական վարկածով՝ 25-ամյա աղջիկը կանգնած է եղել բաց դռան մոտ այն պահին, երբ տեխնիկական ծառայությունները մաքրելիս են եղել ինքնաթիռի աստիճանները: Բորտուղեկցորդուհին կորցրել է հավասարակշռությունը և ընկել հինգ մետր բարձրությունից: Աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են կոնքի բարդ կոտրվածք և արյան մեծ կորուստ: Բժիշկներն արյան փոխներարկում են կատարել: Բորտուղեկցորդուհին ամենամոտ ժամանակներում կտեղափոխվի Աթենք:
Տվյալ պահին պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները: Վարկածներից մեկի համաձայն՝ բորտուղեկցորդուհին ինքն է սայթաքել:










