Հս. Կորեան խոստանում է պատժել Սեուլի «կատաղած շանը»՝ Փհենյանի հասցեին խոսքերի համար

11:18 • 13.05.14

Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է հարևան պետությանը, որ այդ երկրի պաշտպանության նախարարության խոսնակ Կիմ Մին Սոկը թանկ կվճարի այն արտահայտության համար, թե Փհենյանը շուտով կանհետանա։

 

Ինչպես նշում է Газета-ն, հյուսիսկորեական իշխանությունների կողմից վերահսկվող կայքերից մեկում նշվում է, որ «Փհենյանը ձեռքերը ծալած չի նստելու, մինչ այդ կատաղած շունը հաչում է»։

 

«Կիմ Մին Սոկը թանկ կվճարի իր չմտածված խոսքերի համար»,- նշվում է հայտարարությունում։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեկ Հարավային Կորեայի ՊՆ խոսնակն ասել էր, որ Հյուսիսային Կորեան երկիր չէ և գոյատևում է միայն ի շահ 1 մարդու՝ բռնապետ Կիմ Չեն Ընի։ Նա նաև նշել էր, որ այն մոտ ժամանակներս անհետանալու է։

 

Վերջին շրջանում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Սեուլ կատարած այցից հետո, Հյուսիսային Կորեան է՛լ ավելի ագրեսիվ է դարձել հարևան պետության հանդեպ՝ նախագահ Պակ Կըն Հենին անվանելով «մարմնավաճառ», իսկ Օբամային էլ՝ «կապիկ»։