Սիրիայի բանակը քլոր է օգտագործել ընդդիմության գրոհայինների դեմ. Human Rights Watch
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ «լուրջ ապացույցներ» ունի առ այն, որ սիրիական բանակը նախորդ ամիս քլոր է կիրառել ընդդիմության գրոհայինների դեմ երկրի մի շարք քաղաքներում, գրում է rosbalt.ru-ն։
«Քլոր-գազի կիրառումը որպես զենք, այդ թվում՝ խաղաղ բնակիչների դեմ, միջազգային իրավունքի խախտում է»,- հայտարարել է կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով բաժնի տնօրենի տեղակալ Նադիմ Հոուրին։
Նա նշել է նաև, որ դա պատճառներից մեկն է, թե ինչու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կոչ անի Միջազգային քրեական դատարանին ուսումնասիրել իրավիճակը Սիրիայում։
Human Rights Watch-ն ունի «համոզիչ ապացույցներ», որ Սիրիայի Ռազմաօդային ուժերի ուղղաթիռներից քլոր-գազ պարունակող ռումբեր են նետվել երեք քաղաքների վրա։
Իրավապաշտպանների համաձայն՝ ուղղաթիռներ և ինքնաթիռներ ունի միայն սիրիական կառավարությունը. ընդդիմադիրները սեփական ՌՕՈՒ չունեն։










