Ուժայինների գործողությունն Ուկրաինայի հարավ-արևելքում կշարունակվի. Տուրչինով
Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ուկրաինացի ուժայինների հատուկ գործողությունը կշարունակվի: Այդ մասին Գերագույն ռադայի նիստի ժամանակ հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար, ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում մայիսի 11-ին անցկացված հանրաքվեների կազմակերպիչները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը» և «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» նախօրեին հանրաքվեների արդյունքներով անկախություն են հռչակել:
Լուգանսկի շրջանային խորհրդի պատգամավորները Կիևի իշխանություններից պահանջել են անհապաղ փոփոխություններ մտցնել Ուկրաինայի սահմանադրության մեջ՝ երկրի դաշնայնացման գործընթացն ապահովելու համար: Իր հերթին «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով իրեն ներառել ՌԴ կազմում։










