Ուկրաինան առաջատար է հետխորհրդային պետությունների թվում բռնությունների առումով. Amnesty International-ի զեկույցը

13:27 • 13.05.14

Ուկրաինան առաջատար է հետխորհրդային պետությունների թվում քրեական արդարադատության կոնտեքստում բռնությունների ու չարաշահումների առումով։ Այդ մասին նշվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ աշխարհում բռնությունների վիճակի մասին զեկույցում, գրում է Обозреватель-ը։

 

Կազմակերպության Եվրոպայի և Միջին Ասիայի ծրագրերի տնօրեն Ջոն Դալգյուզենը հայտնել է, որ ուկրաինացի իրավապահների չարաշահումները կազմակերպությունում փաստագրում են արդեն մի քանի տարի։ Amnesty International-ի գնահատականով՝ Ուկրաինայում յուրաքանչյուր տարի տեղի են ունենում «հետխորհրդային, կոռումպացված» իրավապահ կառույցների կողմից բռնությունների և այլ չարաշահումների մի քանի հարյուր հազարավոր դեպքեր։

 

Դալգյուզենի կարծիքով՝ հենց այդ չարաշահումներն են դարձել ուկրաինական հասարակությունում վրդովմունքի հիմնական պատճառ, որն արտահայտվել է Մայդանում բողոքի ակցիաներով։


«Վե՛րջ բռնություններին» անվանումով զեկույցի համաձայն՝ բռնությունները տարածված են հետխորհրդային շատ երկրներում, քանի որ կոռումպացված և լիարժեք չֆինանսավորված ոստիկանական կառույցները դիմում են բռնությունների՝ ձերբակալվածներից խոստովանություն կամ տուժածներից գումար կորզելու նպատակով։