ԱՄՆ-ում մահապատժի դատապարտվածները բողոքել են վճռի կատարման ընթացքում անփութության դեմ
ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված երեք մարդ բողոք է ներկայացրել դատարան՝ ապրիլի 29-ին Օկլահոմա նահանգում մահապատժի անհաջող կիրառումից հետո, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Մահաբեր ներարկումից հետո 38-ամյա Քլեյթոն Լոքեթը, որը մեղադրվում էր սպանության և բռնաբարության համար, մահացել էր ոչ թե միանգամից, այլ 43 րոպե անց։ Սովորաբար, այդ գործընթացը տևում է 12 րոպե։
Ամերիկյան նահանգները մահաբեր ներարկման մեջ օգտագործվող նյութերի խրոնիկ դեֆիցիտ ունեն. եվրոպական ընկերությունները դադարել են ԱՄՆ պենտոբարբիտալ նյութ արտահանել։ Այդ պատճառով նահանգները ստիպված են լինում այլընտրանքային միջոցներ օգտագործել, այդ թվում՝ չփորձարկված։
Ռոբերտ Ջեյմս Քեմփբելը, որին պետք է մահապատժի ենթարկեին այսօր՝ Տեխասում, բողոք է ներկայացրել, որ դատավճռի իրականացումը հետաձգվի։ Նրա փաստաբան Մորի Լևինը հայտարարել է, որ Սահմանադրությունն արգելում է դաժան և անսովոր պատիժը և երաշխիքներ են պետք, որ մահապատիժը մարդասիրական կլինի։
Ռասել Բաքլյուն, որը մահապատժի է դատապարտվել Միսսուրի նահանգում, վախենում է, որ արյան շրջանառության հետ կապված խնդիրները կարող են մահապատիժը դարձնել երկարատև և տանջալից։
Ռիչարդ Պոպլավսկին, որը դատապարտվել է Փենսիլվանիայում, խնդրում է պարզաբանել, թե ինչ նյութեր է օգտագործելու նահանգը և որտեղից են բերվել դրանք։ Փենսիլվանիայում մահապատիժ չի իրականացվել 1999թ-ից։










