Նախկին ոստիկանի 12-ամյա աղջկա առողջական վիճակը վատ է, մայրը խնդրում է Նախագահի օգնությունը

11:12 • 15.05.14

Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանի դստեր `12-ամյա Կարինե Ալումյանի առողջական վիճակը վատացել է։ Մայրը ` Շուշանիկ Նասիբովնան, Tert.am էր զանգել՝ խնդրելու նախագահ Սերժ Սարգսյանի օգնությունը։


«Փետրվար ամսին նորից աղջիկս վատացել է, թաթիկներն ուռել է, հենակներով չի կարողանում քայլել։ Տարել եմ տարբեր հիվանդանոցներ, երեք հիվանդանոց, ոչ մեկ չի իմանում երեխայիս մոտ ինչ հիվանդություն է։ 15 օր պառկել ենք Արաբկիր մանկական հիվանդանոցում, 3 օր առաջ ենք դուրս գրվել, բուժումներ է ստացել, բայց ոչ մի արդյունք։ Երկու դեղ են նշանակել, ես առնում եմ, բայց օգուտ չի տանում։ Երեխայի վիճակը գնալով վատանում է»,- իրավիճակը ներկայացրեց մայրը։


Հիշեցնենք, որ 5 անչափահաս երեխաների հայր և նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը պահանջում էր Ոստիկանությունում արտաժամյա աշխատանքի դիմաց իր 2,5 մլն դրամը: Նրան և՛ նախագահականում, և՛ Ոստիկանությունում խոստացել էին լուծել հավելավճարների ու աշխատավարձի հարցը, որն այդպես էլ չի տրվել, սակայն վերջինիս աջակցել են աշխատանք գտնելու հարցում և նաև խոստացել էին աջակցել հիվանդ աղջկա՝ Կարինեի բուժօգնության հարցում։


«Նախագահականից ասել են, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը մեր հանդիպման ժամանակ ասել էր, որ երեխային ինչ խնդիր լինի, բուժումները կվերցնենք մեր վրա, այդ ասածին, փաստորեն, տեր չեն կանգնում։ Սերժ Սարգսյանին նամակ եմ գրել, գրել եմ, որ պարոն Սերժ Սարգսյան, խնդրում եմ, որ խոսք եք տվել, երեխային օգնեք, հանեք ոտքի, որպես փոքրիկ հայուհի և ձեր թոռնուհի»,- ասաց նա։


Շուշանիկ Նասիբովնան նշեց, որ դիմել է ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանին, աջակցել է 15 000 դրամով, որից 5 000 դրամին դեղ է գնել, իսկ 10 000-ն էլ տաքսուն է վճարել՝ երեխային հիվանդանոց տանել բերելով։


«Բժշկուհին երեկ զանգել է ինձ վրա ջղայնանում է, թե ես երեխային փախցրել եմ հիվանդանոցից, բայց էդ ո՞ր մի ծնողը նման բան կաներ։ Իրենք են ասել, արի գնա այդ դեղերն առ ու երեխային վերցրու տար տուն։ Երկու դեղ են նշանակել, խմում է, դրանից բացի այլ բուժում չի ստացել։ Հիմա չգիտեմ գուցե իմ նամակից հետո զանգել են հիվանդանոց, ասել՝ ինչի՞ եք երեխային անտեսել, իրենք էլ մեղքը բարդում են ինձ վրա, որ ծնողը փախցրել է։ Ծնողը ո՞նց կարող է փախցնել, եթե 15 օր պառկել է, իմ աչքը ջուր կտրած, որ իմ էրեխու մասին մի լավ բան կասեն»,- նշեց նա։


Շուշանիկ Նասիբովնան նշեց, որ երեխան նաև աչքերի խնդիր ունի։ Նա նախագահականի աջակցությամբ վիրահատվել է Մալայան հիվանդանոցում։ «Հիմա աչքերի խնդիրը նորից կա, բավականաչափ աչքը չի տեսնում, լույսի օգնությամբ է տեսնում, ասում է, որ լույս պետք է ընկնի, նոր տեսնեմ տրված լինզաների միջոցով։ Ուզում եմ ասել ծանր վիճակում է, ես ուղղակի խնդրում եմ, եթե իրենք չկարողանան ինչ-որ բանով օգնել, գոնե ուղարկեն արտերկիր, այնտեղ գուցե հնարավորություն կա իմ երեխային բուժելու»,- նշեց նա։