АвтоВАЗ-ը ևս մեկ էլեկտրական մեքենա կթողարկի
АвтоВАЗ ռուսական մեքենաշինական ընկերությունն աշխատում է նոր էլեկտրական մեքենա ստեղծելու ուղղությամբ, որը, ինչպես և EL Lada մոդելը, կստեղծվի Kalina-ի հիման վրա: Ինչպես հաղորդում է autonews.ru-ն` նոր էլեկտրական մեքենայի տեխնիկական բնութագրիչների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
El Lada էլեկտրական մեքենայի փոքրածավալ արտադրությունն АвтоВАЗ-ը սկսել է անցյալ ձմեռ: Մոդելը կառուցվել է առաջին սերնդի Lada Kalina-ի հիման վրա և «դոնորից» տարբերվում է միայն էլեկտրական շարժիչով: 100 կմ/ժամ արագությունը մեքենան հավաքում է 13 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 140 կմ/ժամ է: Լիցքավորմամբ, մեքենան, ավտոարտադրողի խոսքով, կարող է ընթանալ 140 կմ: Մեքենան լիցքավորել հնարավոր է սովորական վարդակների օգնությամբ. մարտկոցի ամբողջական լիցքավորման համար 8 ժամ է անհրաժեշտ:










