Samsung-ը մտադիր է առաջ անցնել Apple-ից՝ ներկայացնելով Galaxy Alpha նորագույն սմարթֆոնը
Samsung ընկերությունը պատրաստվում է Galaxy Alpha անվանումով սմարթֆոնների նոր սերիա արտադրել: Ինչպես հաղորդում է ETNews-ը, այդ սերիայի առաջին մոդելները կներկայացվեն օգոստոսին:
Ինչպես նշում է աղբյուրը՝ հարավկորեական արտադրողը պատահական չի ընտրել Galaxy Alpha-ի պրեմիերայի ժամանակը. նորույթը կցուցադրվի 6-րդ սերնդի iPhone-ի ներկայացումից քիչ առաջ: Ընկերությունը Galaxy S շարքի հեռախոսներն ավանդաբար թողարկել է տարվա առաջին կեսին, իսկ Galaxy Note ֆաբլեթները՝ երկրորդ: Նորագույն սարքավորումների՝ օգոստոսին սպասվելիք ներկայացումը կարող է Samsung-ի ռազմավարության փոփոխություն նշանակել:
Galaxy Alpha գաջեթներն, ամենայն հավանականությամբ, սահմանափակ վաճառքի կներկայացվեն, ինչպես Galaxy S5 LTE-A-ն, որը հասանելի է միայն Հարավային Կորեայում: Հունիսին ներկայացված սմարթֆոնը համալրվել է QHD էկրանով, Qualcomm Snapdragon 805 գերժամանակակից չիպով, որն ապահովում է տվյալների փոխանցման 300 մեգաբիթ/վայրկյան արագությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Apple-ը մտադիր է ներկայացնել միանգամից երկու նորույթ՝ 4.7 և 5.5 դյույմ էկրաններով iPhone-ները:










