Շվեդ գիտնականը Wikipedia-ում 3 միլիոն հոդվածի հեղինակ է
Պարզվել է, որ շվեդ գիտնական Սվերկեր Յոհանսոնը Wikipedia-ում գրեթե 3 միլիոն հոդվածի հեղինակ է, հաղորդում է The Times-ը: Ընդհանուր առմամբ՝ առցանց հանրագիտարանում կա 30 միլիոն հոդված: Այդկերպ՝ Wikipedia-ում գրված յուրաքանչյուր տասներորդ հոդված գրել է Յոհանսոնը, նշում է թերթը:
Թերթին տված հարցազրույցում գիտնականը պատմել է իր հետագա պլանների մասին: Յոհանսոնի խոսքով՝ նա ցանկանում է, որ առցանց հանրագիտարանում հոդվածներ լինեն Բրիտանական գրադարանի կատալոգի բոլոր հեղինակների մասին:
Wikipedia-ում Յոհանսոնի նյութերը նվիրված են տարբեր թեմաների: Մասնավորապես՝ նա ակտիվ գրում է թռչունների տեսակների մասին: Սակայն Wikipedia-ի տվյալների բազայում գիտնականի ներդրումը միանշանակ չէ, քանի որ Յոհանսոնը հոդվածներ գրելու համար օգտագործում է հատուկ համակարգչային Lsjbot ալգորիթմը:
Յոհանսոնը Դալարնայի համալսարանի աշխատակից է և ունի լեզվաբանության, տնտեսագիտության, մասնիկների ֆիզիկայի և քաղաքացիական շինարարության դիպլոմներ:










