Արևը թանկ է, բայց մերն է. մասնագետը վերականգնողական էներգետիկայի զարգացումը կապում է ոչ թե քամու, այլ արևի հետ
«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը» նախապատրաստել և «Կլիմայի ներդրումային հիմնադրամին» է ներկայացրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի՝ մոտ մեկ ամիս առաջ 17 անդամ երկրների կողմից հաստատված ներդրումային ծրագիրը, որն իրականացնելու համար Հայաստանը ստանում է 40 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում, ու նաև կանխատեսվում է հետագայում հնգապատիկ ֆինանսական միջոցների մուտք երկիր:
Ծրագրի առաջնահերթությունների, ուղղությունների, առհասարակ, վերականգնողական էներգետիկայի մասին Tert.am-ը խոսել է հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի հետ:
-Առաջիկա ամիսներին «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» կողմից համապատասխան դոնորների հետ համատեղ կնախապատրաստվեն համապատասխան ծրագրերը՝ հիմք ընդունելով ներդրումային ծրագրերը: Ո՞ր ոլորտներն են համարվում առաջնային:
-Երկրաջերմային էներգիայի զարգացումն է, որով նախատեսվում է 9 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ Համաշխարհային բանկի միջոցով՝ Քարքարի տեղանքում հետազոտական հորատման և ներդրողների ներգրավման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար: Հաջորդը արևային ֆոտովոլտայիկ կայանների կառուցումն է, ինչի համար նախատեսվում է 40-50 ՄՎտ հզորության արևային կայանների կառուցում՝ մրցութային եղանակով ներգրավելով մասնավոր ներդրողների: Այդ նպատակին կուղղվի 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհը՝ նախնական հետազոտական աշխատանքների և ծրագրի ձևավորման և 26 մլն արտոնյալ վարկ՝ «Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի» (ՎԷԸԾ) միջոցներից: Դրանից բացի, «Համաշխարհային բանկն» (ՀԲ) ու «Ասիական զարգացման բանկը» (ԱԶԲ) միասին կտրամադրեն 30 մլն ԱՄՆ դոլար՝ կայանների ներդրումների համար: Մասնավոր ներդրողների և տեղական բանկերի մասնակցությամբ այս ծրագրերի ընդհանուր ներդրումը կկազմի 129 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է նաև ջերմային պոմպերի և արևային ջրատաքացուցիչների կիրառման ընդլայնում և նախատեսվում է 3 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ հատկացնել «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) գործող ծրագրի ընդլայնման համար (Կովկասի էներգախնայողության ծրագիր), որը տեղական բանկերի միջոցով ֆինանսավորում է արտադրական կազմակերպությունների և բնակչության էներգախնայողության ներդրումները:
Հարկ է նշել, որ ներդրումային ծրագրի մշակման բոլոր փուլերում ընդգրկուն քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացվել պատասխանատու պետական կառույցների, մասնավոր հատվածի` այդ թվում ֆինանսական շուկայի, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, և նախանշված ծրագրերն ու առաջնահերթություններն ընտրվել են այդ քննարկումների միջոցով:
Մենք արել ենք ներդրումների հեշտացման համար որոշակի օրենսդրական լուծումներ, հայտնաբերել ենք խոչընդոտներ,ներկայացրել ենք Կառավարությանը: Մշակել ենք որոշակի ծրագրեր, որպեսզի Կառավարությունը և ներդրողները հասկանան՝ որքան է այս ռեսուրսը, որքան՝ այն: Եվ ամենակարևոր լուրը, նորությունը, որ ուզում եմ հայտնել, այն է, որ արևային ու վերականգնողական էներգետիկաները, որ մեր կարգավորման դաշտում են, ունեն բավականին մեծ արտոնություններ: Եվ մեծ ՀԷԿ-երի զարգացումը պայմանավորված էր միմիայն դրանով. նախկինում հարկային արտոնություններ չունեին, պետական սուբսիդիաներ ունեին: Եվ, փառք Աստծո, այսօր մեծ ՀԷԿ-երի սակագինն առավելագույնը 20 դրամ է, ինչը օգնում է, որ ընդհանուր սպառողի սակագինը ցածր մնա: Այն, գիտեք, 38 դրամ է, միջինացված օգնում է ցածր պահել: Արևային էներգետիկայի խնդիրը, որի համար շատ մեծ ռեսուրսներ ունենք, տեխնոլոգիաներն էին, որոնք մինչ այժմ թույլ չէին տվել ունենալ ցածր սակագին և 100-150 դրամ է եղել, ինչը ձեռնտու չի եղել ներդրողներին: Կանխատեսվում է, որ մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ՎԷԸԾ-ի միջոցների ներդրումը հանգեցնելու է հնգապատիկ ներդրումների:
-Այսինքն՝ բաշխիչ ցանցը արտադրողից՝ արևային էներգիա արտադրողից, պետք է գներ 150 դրամո՞վ:
-Այո՛, բայց վերջին տարիներին Չինաստանը, երբ սկսեց շատ մեծ քանակով արևային ֆոտովոլտայիկ մոդուլային էլեմենտներ արտադրել, չինական այդ պրոդուկտն արդեն մեծ ազդեցություն ունեցավ գների վրա, և հիմա արդեն նշածս սակագինը մի քանի անգամ էժանացել է: Իսկ «Կլիմայի ներդրումային ֆոնդին» ներկայացված ներդրումային ծրագիրը, որը խիստ մեղմ վարկային պայմաններով և 40 տարվա մարման ժամկետով ֆինանսավորում է ապահովում մեր արևային էներգետիկայի զարգացման համար, կարևոր է այն առումով, որ հնարավորություն է տալիս մեղմել նշածս տեխնոլոգիաների գնի ազդեցությունը վերջնական սպառողի վրա:
-Հիմա մոտավորապես ի՞նչ գին է ստացվում:
-Շատ մոտավոր հաշվարկներով կլինի 50-55 դրամի շրջանակներում, որովհետև կայանը կկառուցվի երկու տարի հետո և շատ իրատեսական թվեր չենք կարող ասել: Եվ վերջնական սպառողի վրա դա ամենաշատը կարող է 1 դրամի ազդեցություն ունենալ: Ենթադրենք՝ եթե վերջնական սպառողի սակագինը լինելու 40 դրամ, ապա արևայինով պայմանավորված՝ կարող է դառնալ 41: Հնարավոր է նաև, որ ազդեցություն չլինի: Բայց սա շատ մեծ բան է, որովհետև մեր տարածաշրջանի ոչ մի երկիր այդ ցանկում նույնիսկ մտած էլ չէ:
Երկրորդ. Կառավարության խթանները: Վերջերս օրենքում փոփոխություն է կատարվել և արևային կայաններից առաքված էներգիան կգնվի 20 տարի շարունակ՝ կայանի կառուցումից հետո: Այսինքն՝ սա երաշխավորված գնում է, ինչքան էլեկտրաէներգիա արտադրվի, ցանցն ամբողջությամբ պարտավորվում է գնել, ինչը չկա նույնիսկ շատ զարգացած երկրներում:
Եվս մեկ խթան ասեմ, որ բացի այս կայաններից, որովհետև հիմա կան որոշակի բարեգործական ծրագրեր կամ գրանտային ինչ-որ բաներ, որ օրինակ՝ եվրոպական մի կազմակերպություն ուզում է օժանդակել մի դպրոցի կամ մանկապարտեզի, այդ դեպքում, եթե տեղակայում եք ձեր արտադրության մեջ մինչև 150 կիլովատ հզորության արևային ֆոտովոլտայիկ կայան, որևէ լիցենզիա ու կարգավորում չի պահանջվում: Ինքը աշխատում է, եթե կա լույս: Եվ սա արդեն ընդունված լինելով Կառավարության կողմից՝ տևական ժամանակ է, գործում է:
-Նաև կարող ես պահեստավորե՞լ:
-Կարելի է, բայց դա արդեն այդ ցանցի հետ կապ չունի, դու ուղղակի քո նպատակների համար կարող ես տեղադրել կուտակիչ:
-Որքան հասկացա խոչընդոտների թվում համարում եք ներդրողների պակասը կամ բացակայությունը:
-Սա, կրկնում եմ, պայմանավորված էր ներդրողների հետաքրքրության պակասով: Օրինակ՝ ինչո՞ւ են մարդիկ ՀԷԿ-ում ներդնում, արևայինում՝ ոչ: Միակ պատճառը սակագինն է: Եվ մի մոլորություն էլ կա մարդկանց շատերի մոտ, որ արևային էներգետիկան ձրի է, և այլն, և այլն: Բայց ուզում եմ հիշեցնել, որ արևը էժան չէ, թանկ է, բայց մերն է: Բայց պետք է շեշտը դնել նրա վրա, որ էս պահին արևայինը գուցեև թանկ է, բայց իրենն «առնում է» ու նվազելու միտում ունի: Դու արևի ռեսուրսի համար վճարներ չես կատարելու, այնինչ գազի համար, ածուխի, կատարելու ես, և գլոբալ շուկայում այդ հանածո վառելիքի գները քանի գնումթանկանում են:
- Շարքային սպառողը ցանկության դեպքում ինչպե՞ս պետք է օգտագործի արևը, պետք է փնտրի գտնի նման ընկերություն ու վե՞րջ:
-Որպես մասնագետ նշեմ, որ այս պահին շարքային բնակչին ձեռնտու չէ արևային համակարգի տեղադրումը գնի իմաստով, այսինքն՝ դեռևս ավելի էժան է, քան ցանցից դուրս հոսանքը: Բայց եթե ինչ-որ մեկը Ձեզ նվեր տա նման սարք, օրինակ՝ ԱՄՆ-ից, Դուք ուղղակի այն տեղադրում եք մասնագետների օգնությամբ և ստանում եք ձեր հոսանքը: Բայց եթե խանութից պետք է գնեք, դա շատ թանկ կլինի:
-Հաշվի առնելով այն, որ մենք՝ որպես երկիր, չունենք էներգակիրներ ու առկա է այս սոցիալական վիճակը, ե՞րբ պայմաններ կստեղծվեն, որպեսզի անցնեն այդ համակարգին՝ գոնե 50-50 հարաբերակցությամբ:
-Ասում եք 50-50, երևի գիտեք, որ զարգացած եվրոպական երկրները, ովքեր լուրջ սուբսիդիաներ են տրամադրում այդ նպատակներին, նրանց գերնպատակը մինչև 2020 թվականը 20 տոկոս ունենալն է: Այսինքն՝ այս պահին որևէ երկիր չի կարող խոսել 50-50-ի մասին: Նշեմ, որ Հայաստանի համար մենք պահում ենք 20-20-ը, և այդ 20-ից 11%-ն արդեն մենք ունենք: Եթե մեծ ՀԷԿ-երն էլ ներառեմ, ապա այս պահին մեր էլեկտրաէներգիայի արտադրության 1/3-ը մեր սեփական ռեսուրսներով է: 30 տոկոսի մեջ մտնում են մեծ և փոքր ՀԷԿ-երը, չնչին քանակությամբ ՝ հողմակայաններ: Արևային էներգիայի զարգացումը, կարծում եմ, առաջիկա 5 տարիների ընթացքում առնվազն 40 մգբ-ի է հասնելու: Եվ, ի դեպ, իմ ասածը միայն մի ծրագրի հաշվին է։ Հիշում եք՝ ինչպես փոքր ՀԷԿ-երն էին, երբ տեսնում էինք, որ սկզբից դժվար է առաջ գնում, հետո արդեն իրար հերթ չէին տալիս: Նույնը լինելու է արևի դեպքում:
-Երբ ՀԷԿ-երը հաշվում եք Ձեր ասած 1/3-ի մեջ, նկատի ունենու՞մ եք, որ այդ ճյուղն սկսել է չարաշահվել, այն առումով, որ ըստ բնապահպանների գնահատականների՝ բնապահպանական աղետի է հասցրել:
-Հաշվի առնում եմ, բայց չեմ ուզում օգտագործել այն բառը, որ Դուք եք ասում «բնապահպանական աղետ»: Միշտ էլ մեկը կարող է ինչ-որ մի բան վարկաբեկել: Եվ ցանկացած գործունեություն, որ մարդն անում է՝ բնապահպանական բացասական ազդեցությունն անխուսափելի է: Նույնը վերաբերում է ՀԷԿ-երին. ունենք և՛ շատ գրագետ կառուցվածներ, և՛ շատ վատերը: Եվ ամեն դեպքի համար պետք է լինի իր ուսումնասիրությունը, իր քննադատությունը, հակառակ դեպքում մենք փակում ենք ՀԷԿ-երի ճանապարհը և բացում ենք ածուխի ճանապարհը, բացում ենք նոր ատոմակայանի ճանապարհը, կամ հինը մինչև 100 տարի երկարաձգելու ճանապարհը: Եվ իրականում ՀԷԿ-երի մեր ռեսուրսը կարելի է ասել՝ սպառված է, և այն մարդիկ, ովքեր մոդայի հետևից ընկած ՀԷԿ են կառուցում, նրանց բիզնեսը դատապարտված է: Հիմա ՀԷԿ են կառուցում, որտեղ 7 կմ խողովակ են անցկացնում ու արդյունքը, բնական է, շատ փոքր է:
Դրա համար երբ խոսում ենք վերականգնվող էներգիայի մեծածավալ զարգացման մասին, մենք նկատի ունենք հենց արևայինը: Քամու դեպքում մենք ունենք որոշակի ռեսուրս, բայց այստեղ, այնտեղ, մի քանի կետերում: Մենք գիտենք, որ տրանսպորտային խնդիրներ կան, այդ մեծածավալ հողմակիրները Հայաստան ներկրելը մեծ դժվարություններ է առաջացնում, և քիչ հավանական է այդ ոլորտի զարգացումը: Մեր ինչի՞ն է պետք հողմայինը, եթե մենք ունենք արև, որն ավելի լայնամասշտաբ կարող է լինել:
-Ի՞նչ է Ձեր հիմնադրամի էներգախնայողության ծրագիրը և ի՞նչ է իրենից ներկայացնում:
-Մենք հիմա անում ենք էներգախնայողության ծրագիր, որն անում ենք պետական և համայնքային շենքերում և լուսավորության համակարգերում: Մեր միջոցներով, որը ձևավորված է դրամաշնորհներից և մեր պետբյուջեի գումարներից, դպրոցներում, հիվանդանոցներում մանկապարտեզներում անում ենք էներգախնայողության ներդրումներ, որի մեջ մտնում է պատերի, տանիքի ջերմամեկուսացում, ջեռուցման համակարգերի արդիականացում, պատուհանների փոխարինում, որից հետո չափվում, գրանցվում է խնայողությունը և այդ խնայողության հաշվին հետագա տարիներին պետք է վերադարձնել գումարները: Արդեն առաջին տարին ավարտվել է և 50-55 տոկոս խնայողություն է ձևակերպվել, չհաշված այն, որ անցած տարին շատ ցուրտ էր, նաև գազի սակագին է բարձրացել, այնուամենայնիվ, այդքան կարողացել են խնայողություն ունենալ՝ ունենալով ավելի բարենպաստ պայմաններ:
Ինչ վերաբերում է դրամաշնորհներին, պետք է ասեմ, որ մեր հիմնադրամը մի քանի դրամաշնորհներ ստացել է. ամենամեծ դրամաշնորհը, որ մենք ստացել ենք, եղել է 3 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է անապահով ընտանիքների գազի միացման սարքերի տրամադրմանը, որով օգնել ենք 8 260 ընտանիքի: Մյուս դրամաշնորհներն ավելի փոքր չափերի են եղել՝ վերականգնվող էներգետիկայի հետ կապված ևս մի անգամ 3 մլն-անոց դրամաշնորհ, որի շրջանակներում կատարվել են որոշակի ուսումնասիրություններ, որոնք օգնել են նաև բոլոր հետագա զարգացումներին, առաջնահերթություններն ընտրելուն, թե որ ուղղությամբ գնանք:










