Մալայզիացի փորձագետները երեքշաբթի կայցելեն Boeing 777-ի կործանման վայրը
Մալայզիացի փորձագետները երեքշաբթի կժամանեն ուկրաինական Տորեզ քաղաք` Boeing 777-ի կործանման վայրն ուսումնասիրելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` Մալայզիայի տրանսպորտի նախարարին հղումով:
Նախարարն ընդգծել է, որ երեք փորձագետի այցը հնարավոր է դարձել ԵԱՀԿ-ի՝ ապստամբների ղեկավարների հետ բանակցություններից հետո:
Ավելի վաղ Դոնեցկի ինքնահռչակ Ազգային Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել էր, որ մալայզիացի փորձագետների խմբի ժամանումը ավիավթարի հանգամանքները պարզելու համար հետաձգվում է Դոնեցկում իրականացվող ռազմական գործողությունների պատճառով:
Երկուշաբթի Տորեզ են այցելել նիդերլանդցի փորձագետները:
«Ռոսավիացիա» օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը պաշտոնական նամակ է ուղարկել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO)` հայտնելով Ուկրաինայի արևելքում մալայզիական օդանավի կործանման ուսումնասիրության համար փորձագետներ և տեղեկություն տրամադրելու պատրաստակամության մասին:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ամստերդամից Կուալա Լումպուր թռիչքը, հուլիսի 17-ին վթարի է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկ շրջանում` դառնալով 298 ուղևորի մահվան պատճառ:










