Ծերացման արագությունը կախված է էթնիկ ծագումից
Աֆրոամերիկացիները ավելի արագ են ծերանում, քանի որ նրանց կենսաբանական տարիքը մոտ երեք տարով ավել է սպիտակամորթների տարիքից: Ինչպես փաստում են մասնագետները՝ կենսաբանական տարիքի տարբերություններն աճում են մինչև 60-ից 69 տարեկանը, իսկ հետո սկսում են անկում ապրել:
Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից Դևիսի անվան գերոնտոլոգիայի դպրոցից Մորգան Լևինը և Էյլին Կրիմինսը հաշվարկել են տարբեր մարդկանց կենսաբանական տարիքը՝ ուսումնասիրելով ծերացման հետ կապված 10 բիոմարկեր:
Մարկերների մեջ են ներառվել C-ռեակտիվային սպիտակուցը, շիճուկային կրեատենինը, գլիկոզացված հեմոգլոբինը, սիստոլիկ արյան ճնշումը և ընդհանուր խոլեստերինը, հաշվի են առնվել մարմնի զանգվածի ցուցանիշները, կրթության մակարդակը և ծխախոտային կախվածությունը:
Աֆրոամերիկացիների խմբում միջին տարիքը 53.16 տարին, իսկ սպիտակամորթների խմբում՝ 49.84 տարին է եղել: Հնարավոր է, որ այդ տարբերությունները պայմանավորված են սթրեսային իրավիճակներով:










