Արևային էներգիան անհրաժեշտ է զարգացնել, թեև դեռևս ավելի թանկ է. քննարկում

15:07 • 26.07.14

Հայաստանում ՀԷԿ-երը զարգանում են որովհետև սակագնի առկայությունը գրավիչ է նրանց համար, այնինչ արևային էներգիան շատ ավելի թանկ է, թեև վերջին տարիներին գինը բավականին իջել է, այսօր հրավիրված քննարկմանն ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ։


Նրա խոսքով՝ ամեն դեպքում Հայաստանում արևային էներգիայի արտադրությունը զարգացնելու համար հարկավոր է, որ այն գրավիչ սակագին ունենա։


Քննարկմանը ներկա «Տեխնէկո» այլընտրանքային էներգետիկայի սարքավորումների արտադրական ձեռնարկությունների տնօրեն Միխայիլ Մարտիրոսյանը նշեց, որ նախկինում մարդիկ նույնիսկ չգիտեին, թե ինչ է արևային էներգիան:


«Հասարակությունը պետք է հասկանա, որ էներգաարդյունավետությունը ապրելաձև է և առանց դրա ապագա չենք ունենա»,- ասաց նա և նկատեց, որ բավականին քայլեր արվում են այդ ուղղությամբ:


Հայաստանում հելիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն իր հերթին նշեց, որ երբ հայտարարում են, թե թանկ է արևային էներգիան, դա չի օգնում աշխատանքների զարգացմանը:


Նա նաև նշեց, որ կա մեխանիկական, ջերմային, ատոմային, քամու, արևի, լույսի էներգիա, որոնք պետք է տարբերակել: «Հայաստանի արդյունաբերությունը նոր ռելսերի վրա պետք է տեղափոխենք, մեր ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները կոնցեպտ չընտրեցին»,- ասաց նա:


Արևային էներգիայի համակարգերի մշակման «Կոնտակտ-Ա» ընկերության տնօրեն Վիկտոր Աֆյանը Վիկտոր Աֆյանն էլ նշեց, որ արևային էներգիայի սակագինը կախված սարքերի հզորությունից, ապա ավելացրեց, որ չպետք է սպասել, թե երբ այն կէժանանա, հետո նոր միայն զբաղվել դրա զարգացմամբ:


Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր լրագրողներ Թագուհի Ասլանյանի և Արմինե Սիմոնյանի նախաձեռնությամբ:

Արևային էներգիան անհրաժեշտ է զարգացնել, թեև դեռևս ավելի թանկ է. քննարկում