ԱՄՆ համալսարաններում այժմ հնարավոր կլինի անօդաչու սարքերի կառավարում սովորել
Մի քանի ամերիկյան համալսարաններ այս տարի նոր ֆակուլտետներ են բացել, որտեղ ուսուցանելու են անօդաչուների կառավարում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ The Wall Street Journal-ին հղումով:
Որոշ ծրագրեր կարճաժամկետ կլինեն՝ առանց բարձրագույն կրթության մասին հավաստագրի: Ուսումը կարժենա 24 500 դոլար:
Բացի այդ, մշակվել են ծրագրեր բակալավրի աստիճանի համար, որը նախատեսում է 4-ամյա կրթություն։ Դրանց ընթացքում կկիրառվեն սիմուլյատորներ, ինչն ուսանողների համար կարժենա 175 հազար դոլար:
«Մեր կրթական ծրագրում նախատեսում ենք կիրառել ինչպես արդեն գոյություն ունեցող մոդելները, այնպես էլ նրանք, որոնք հայտնվելու են առաջիկա 5 տարիների ընթացքում»,-ասել է Հյուսիսային Դակոտա համալսարանի անօդաչու սարքերի կառավարման ուսուցման առաջին ծրագրի ստեղծող Բեն Տրապնելը:
Չնայած անօդաչու թռչող սարքերը հիմնականում օգտագործվում են ռազմական նպատակներով, սակայն արտադրող ընկերությունները պնդում են, որ անօդաչուներ կառավարողների անհրաժեշտություն առաջանում է նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ գյուղատնտեսության մեջ:










