Ամերիկացի գիտնականները քաղցկեղի դեմ նոր մեթոդ են մշակել՝ ջերմային նանոմասնիկների միջոցով. doctor.am
Ամերիկացի գիտնականները մշակել են նորարարական մոտեցում ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար՝ օգտագործելով նանոմասնիկներ ուռուցքային բջիջների ջերմային ոչնչացման համար, ինչը նպաստում է իմուն համակարգի ակտիվացմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են WIRW's Nanomedicine and Nanobiotechnology ամսագրում:
Այս մասին հաղորդում է բժշկական doctors.am կայքը:
Նանոմասնիկների շատ փոքր չափը թույլ է տալիս նրանց աննկատ ներթափանցել չարորակ բջջի մեջ՝ իր հետ տանելով այնպիսի բուժիչ գործոններ, ինչպիսիք են հակամարմինները, դեղորայքային պրեպարատները, վիրուսային պատվաստուկները կամ մետաղական մասնիկները: Այժմ քաղցկեղի բուժման համար մշակված և ուսումնասիրված են նանոմասնիկների բազմաթիվ տարատեսակներ. հիմնականում այս հետազոտությունները տարվում են նանոմասնիկների մեջ հակաուռուցքային որևէ պրեպարատի «փաթեթավորման» ուղղությամբ, ինչի արդյունքում դրանք հասցվում են դեպի չարորակ բջիջներ:
Ներկայումս Նորիս Կոտտոնի ուռուցքաբանական կենտրոնում Սթիվ Ֆաերինգի լաբորատորիան մշակել է նոր մոտեցում, ըստ որի ուռուցքի դեմ պայքարում օգտագործվում են նանոմասնիկները որպես իմունային համակարգի խթանիչ: Երկաթ, արծաթ կամ ոսկի պարունակող նանոմասնիկները համալրված են հակամարմիններով, որոնք հատուկ ձևով կապվում են ուռուցքային բջիջների մակերեսային սպիտակուցների հետ և կլանվում դրանց կողմից: Այնուհետև դրանք ակտիվացվում են էլետրամագնիսական էներգիայի, ինֆրակարմիր ճառագայթների կամ ռադիոալիքների միջոցով: Դրանց փոխազդեցության արդյունքում առաջանում է ջերմային էներգիա, որը և ոչնչացնում է չարորակ բջիջները:
Ընդ որում, ուռուցքի վրա ընտրողաբար ազդող ջերմությունը կարող է «հուշել» իմունային համակարգին, թե որ ծագման բջիջներն է անհրաժեշտ հեռացնել: Այս ձևով, նվազագույնի է հասցվում առողջ հյուսվածքների ոչնչացումը և առավելագույնս մեծանում ախտահարված բջիջների հեռացման հավանականությունը:
Ֆաերինգը նշում է, որ անհրաժեշտ է կատարել ավելի շատ հետազոտություններ և հաշվի առնել տարատեսակ տեխնիկական բնորոշիչներ՝ քաղցկեղային բջիջների և հակաուռուցքային իմունիտետի խթանման համար նանոմասնիկների ջերմային ազդեցության օգտագործման ամենաարդյունավետ միջոցը գտնելու համար:










