OKCupid ծանոթությունների կայքը խոստովանել է, որ օգտատերերի շրջանում փորձեր է արել
OKCupid ծանոթությունների կայքը խոստովանել է, որ օգտատերերի շրջանում փորձեր է արել, գրում է gazeta.ru-ն՝ The New York Times-ին հղումով։
«Եթե դուք համացանց եք օգտագործում, դուք դառնում եք հարյուրավոր փորձերի սուբյեկտ ցանկացած ժամանակ և յուրաքանչյուր կայքում»,- հայտարարել է ընկերության նախագահ Քրիստիան Ռադերը: «Այդպես են աշխատում վեբ-կայքերը»,- հավելել է նա:
Ընդհանուր առմամբ, OKCupid-ի փորձագետները երեք թեստ են անցկացրել: Առաջին փորձի ժամանակ կայքը մթնեցրել է օգտատերերի լուսանկարները: Երկրորդ փորձի ժամանակ թաքցրել է պրոֆիլի տեքստը՝ իմանալու համար, թե ինչպես դա կազդի անձի գնահատման վրա:
Երրորդ դեպքում որոշ օգտատերերի հայտնել են, որ նրանք համապատասխանում են որևէ մարդու ավելի շատ կամ քիչ, քան իրականում: Փորձի ավարտից հետո OKCupid-ն այդ օգտատերերին էլեկտրոնային նամակներ է ուղարկել, որոնք ցույց են տվել համապատասխանության իրական ցուցանիշները: The New York Times թերթի կարծիքով՝ այդ թեստը ցույց է տալիս, թե որքան հեշտ վեբ-կայքը կարող է շահարկել օգտատերերին առանց նրանց իմացության:
Թերթը նաև հիշեցնում է, որ OKCupid-ի օգտագործման պայմանները ներառում են կետ, որը թույլ է տալիս օգտագործել անձնական տվյալները հետազոտությունների և վերլուծության համար։










