Մոսկվայի պաշտոնյաներին արգելել են օգտվել «Яндекс.Почта»-ից և Gmail-ից
Մոսկվայի քաղաքապետարանի և պետական այլ կառույցների աշխատակիցներին արգելել են օգտվել անձնական փոստից ծառայողական նպատակներով: Այդ մասին «Известия» թերթին պատմել է Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավարի խորհրդական Դմիտրի Բեխտերևը:
Պաշտոնյայի խոսքով՝ նման արգելք գոյություն ուներ նաև նախկինում, սակայն օրերս պաշտոնյաներն այդ մասին հիշեցում են ստացել Մոսկվայի քաղաքապետի համապատասխան որոշման տեսքով:
Որոշման համաձայն՝ պաշտոնյաներին թույլ է տրվում օգտագործել միայն @mos.ru-ով ավարտվող փոստ: Բեխտերևի խոսքով՝ օգտատերերին արգելվում է օգտվել այլ փոստից նաև անձնական հարցերով, եթե նրանք մտադիր են անել դա աշխատանքային համակարգչի օգնությամբ, իսկ արգելքը խախտելու դեպքում նախատեսվում են պատժամիջոցներ:










