Էնտերովիրուսը հայտնաբերվում է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի օրգանիզմում. մասնագետի խորհուրդները

18:43 • 08.08.14

Վերջին շրջանում հատկապես մանկահասակների շրջանում տարածում են գտել էնտերովիրուսները, որի դեմ այժմ փոքրիկները պատվաստվում են: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսին հրավիրված Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, պատասխանելով օգտատերերի հարցերին, նշեց, որ էնտերովիրուսը ձեռք են բերում թե՛ փոքրերը, թե՛ մեծերը, սակայն ի տարբերություն փոքրերի, մեծերը հիմնականում չեն հիվանդանում:


«Որպես կանոն՝ մեծերի մոտ հիվանդությունը հիմնականում չի զարգանում, քանի որ կյանքի ընթացքում իմունիտետ են ձեռք բերում. այս վիրուսը որպես հիվանդություն՝ ի հայտ է գալիս հիմնականում 3-10 տարեկան հասարակում: Վիրուսը ունի տարածման տարբեր ուղիներ՝ սննդից ու ջրից կարող է անցնել մարդուն, երեխայի խաղալիքներից, շփման տարբեր առարկաներից, օդակաթիլային ճանապարհով, փռշտալու, հազալու և այլն»,-ասաց մասնագետը:


Նա ընդգծեց, որ բարդություններ ի հայտ գալու դեպքում՝ սուր գլխացավեր, վզի ցավեր, բարձր ջերմություն, անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության:


«Հավատացեք, երբեմն նույնիսկ մեկ սիստեմայից հետո հիվանդի վիճակը անմիջապես դեպի լավն է գնում: Իսկ եթե հիվանդի վիճակը թեթև է, պարզապես պետք է շատ հեղուկներ օգտագործի, մինչև վիրուսը դուրս գա օրգանիզմից»,-ասաց նա:


Օգտատերերից մեկի հարցին, թե ինչու են այսօր շատերը խուսափում իրենց երեխաներին պատվաստելուց կամ նախընտրում վճարովի տարբերակը, Գայանե Սահակյանը պատասխանեց. «Պետությունը ապահովում է երկու տեսակի պատվաստումները՝ վճարովի և անվճար: Սակայն, հավատացեք, որ որևէ տարբերություն չկա այդ պատվաստանյութը հնդկական է, ինդոնեզական, թե բելգիական: Նրանց տարբերությունը միայն անտիգենների մեջ է, որի ավելի շատ առկայության դեպքում երեխաները կարող են մի փոքր ավելի քիչ ջերմել և ավելի արագ հաղթահարել: Հիվանդությունների դեմ պաշտպանության առումով որևէ տարբերություն այստեղ չկա: Իսկ մարդիկ նախընտրում են վճարովին, որովհետև այսօր դա ավելի մոդայիկ է դառնում, և մարդիկ, մեկը մյուսին նայելով, են դիմում վճարովի տարբերակին»,-ասաց մասնագետն ու նշեց, որ այդուհանդերձ վճարովի պատվաստմանը դիմող ծնողների թիվը չի անցնում 2%-ը:

 

 

 

Էնտերովիրուսը հայտնաբերվում է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի օրգանիզմում. մասնագետի խորհուրդները