Microsoft-ը մրցակցության մեջ կմտնի Apple-ի հետ Հինգերորդ ավենյուում
Ամերիկյան Microsoft ընկերությունը բանակցություններ է վարում Նյու Յորքում պաշտոնական խանութ բացելու շուրջ, որը տեղակայված կլինի Հինգերորդ ավենյուում՝ Apple Store խանութի կողքին, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Cnet հրատարակությանը:
Microsoft-ի առևտրային ցանցն այժմ ներառում է մոտ 60 խանութ՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Պուերտո Ռիկոյում, ևս 13-ը ընկերությունը մտադիր է բացել մոտ ապագայում:
Հատկանշական է, որ Microsoft ընկերության խանութները միշտ գտնվում են Apple ընկերության խանութների հարևանությամբ:
Նմանատիպ ռազմավարությունն արդարացված է, քանի որ օգտատերերը, ովքեր հաճախում են Apple-ի խանութ՝ տեսնելու նորույթները, շատ հեշտությամբ կարող են ուշադրությունը շեղել դեպի Microsoft ընկերության խանութ, որտեղ վաճառվում են համակարգչային տեխնիկա, բջջայիններ և Xbox խաղային սարքեր: Խանութի հաճախելիությունը հեշտությամբ կարող է վերածվել իրական վաճառքների:










