2014թ. Երևանում կասֆալտապատվի 2 մլն. քառ. մետր տարածք. քաղաքապետարան
2014 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. ք.մ տարածք, որից 622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների և մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն ու դիտահորերի կարգաբերումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Մինչ այդ կենսապահովման ոլորտի կազմակեպությունները հիմնանորոգման ցանկում առկա բոլոր փողոցներում ավարտել են իրենց մասնագիտական աշխատանքները, քանի որ ասֆալտապատումից հետո բացառությամբ վթարային դեպքերի, այլ գործընթաց ծավալել չի թույլատրվի: Ներկայում, բացի Նոր Արեշի 50-րդ փողոցի, մնացած բոլոր տեղերում աշխատանքները մեկնարկել են, իսկ Շիրակի և Ագաթանգեղոսի փողոցներում գործընթացն արդեն ավարտվել է և այդ ճանապարհահատվածները լիարժեք շահագործվում են:
Ավարտված է նաև մայթերի ասֆալտապատման ընդհաուր ծավալի շուրջ 40 տոկոսը: Տարվող աշխատանքը պատասխանատու կառույցների կողմից մշտապես վերահսկվում է: Ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Աշխատանքների ծավալման առաջին նախապայմանը բարձրորակ ասֆալտապատում իրականացնելն է: Բացառությամբ շահագործման տարիների ընթացքում ի հայտ եկած հնարավոր կոմունալ-կենցաղային վթարների դեպքերի, 5 տարվա ընթացքում առաջացած ցանկացած այլ թերություն ասֆալտապատող կազմակերպությունները պայմանագրային հիմունքներում ամրագրված կետով կվերացնեն սեփական միջոցներով:
Ճանապարհաշինարարները վստահեցնում են, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված փողոցների հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում: Փողոցների հիմնանորոգմամբ պայմանավորված պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը»:










