ԵՄ-ն չի բացառում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղյալ համարումը
Եվրամիությունը չի ցանկանում շարունակել պատժամիջոցային քաղաքականությունը և չի բացառում առկա միջոցառումների հետկանչը՝ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացման պայմանով. Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում ԵՄ դեսպան Վիգաուդաս Ուշացկասը:
«Երբ տեսանելի կլինեն Ուկրաինայում իրավիճակի կայունացման հարցում արդյունքները, իհարկե, ԵՄ-ն պատրաստ կլինի քննարկել պատժամիջոցների հետկանչի հարցը, չնայած դրանց մի մասի պատճառը Ղրիմի անօրինական անեքսիան է », - ասել է Ուշացկասը:
Մարտին Արևմուտքը, չճանաչելով Ղրիմի միացումը Ռուսաստանին, մի շարք պատժամիջոցներ էր սահմանել ռուս գործիչների և գործարարների դեմ:
Ապրիլի 28-ին այլ պատժամիջոցներ էին սահմանվել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, իսկ օգոստոսի 1-ից պատժամիջոցների տակ էր հայտնվել ռուսական ֆինանսական ոլորտը:
Դրան ի պատասխան Ռուսաստանն օգոստոսի 7-ին արգելել է մսամթերքի, կաթնամթերքի, մրգի ու բանջարեղենի ներմուծումն այն երկրներից, որոնք ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ են սահմանել:










