Քեսաբում կնշվի Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը

16:41 • 15.08.14

Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանը վերագտնում է իր երբեմնի շեն ու կանգուն դիմագիծը, գրում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

 

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ վաղը՝ կեսօրից հետո, Քեսաբի Էսկյուրան գյուղում տեղի է ունենալու Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը, ինչպես նաև եկեղեցու սուրբ խորանի սրբապատկերի օծումը:

 

Իսկ կիրակի՝ օգոստոսի 17-ին, Բերիո թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոսը պատարագ կմատուցի, և խաղողօրհնեքի արարողություն տեղի կունենա:

 

Հիշեցնենք, որ Քեսաբ հայաբնակ ավանը զինյալների կողմից հարձակման էր ենթարկվել մարտի 21-ին: Ամիսներ շարունակ ծայրահեղական զինյալների վերահսկողության տակ մնացած բնակավայրը կողոպտվել էր, վնասվել և պղծվել էին հայկական եկեղեցիները:

 

Սիրիայի կառավարական զորքն ամիսներ անց կարողացել էր վերատիրանալ բնակավայրին, ինչից հետո հայերը վերադարձել են այնտեղ և շարունակում են վերականգնել երբեմնի շեն ավանը: