Արագածոտնի մարզպետը համաձայն է վարչապետի հետ՝ սերմացուն չպետք է տալ մարզպետներին

20:22 • 15.08.14

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը միանշանակ համամիտ է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որ գյուղացիներին տրամադրվելիք սերմացուն պետք է անմիջականորեն բաժանել գյուղացիներին:


«Կարելի է պահել, եթե չոր պահեստներ լինեն, բայց որոշ տեղերում կարող է՝ պահեստներ չլինեն, և սերմացուն փչանա: Վարչապետը ճիշտ է ասել»,- Tert.am – ին ասաց Սարգիս Սահակյանը:

 

Հիշեցնենք, որ աշնանացան ցորենի առաջին սերմացուի բաշխացուցակը հաստատելու, տեղական սերմարտադրողներից էլիտային և առաջին վերարտադրության սերմացուների ձեռքբերման գործընթացը կազմակերպելու համար որոշման նախագծով նախատեսված է սահմանված չափաքանակներով սերմացու հատկացնել ՀՀ մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր, սերմացուների հանձնման և ընդունման աշխատանքները նախատեսել համապատասխան մարզկենտրոններում: Երեկ, սակայն, Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ճիշտ կլինի՝ սերմացուն բաժանել հենց ժողովրդին։


«Պահենք՝ փչանա, որ ի՞նչ, տպավորություն է ստեղծվում, որ մարզպետներին պահ ենք տվել: Պահելու եք, փչանա»,-ասաց նա:
 


Մարզպետը նաև վստահեցրեց, որ բաշխման ժամանակ բնակիչների հետ բացարձակ խնդիրներ չեն առաջանում. «Ամեն տարի էլ բերել ենք, գարնանը և աշնանը բաշխել ենք, ինչի արդյունքում մոտ 3-4 հազար հա-ով ավելացել են մարզի ցանքատարածությունները: Ովքեր ցանկանում են, ցուցակագրվում են, որպեսզի բաշխման ժամանակ շատ մատչելի արժեքով ստանան սերմացուն: Արտադրողականությունը բարձր է շատ, դրանք բարձր որակի սերմացուներ են»,-ասաց Սարգիս Սահակյանը:

 

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ Tert.am –ին հայտնեց, որ իրենք դեռ աշնանացան ցորենի սերմացու չեն ստացել:
«Հիմա ցանք չկա, բայց ըստ պայմանավորվածության՝ Շիրակի մարզի համար նախատեսված է 6200 տոննա սերմացու»,-ասաց նա: