ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունները գալիք տարի կկայանան Հայաստանում
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ս.թ. օգոստոսի 15-ին հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:Մասնավորապես՝ անդրադարձ է եղել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ս.թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև՝ խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:
Վերոնշյալ այցի շրջանակներում արծարծվել են նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև՝ ՀԱՊԿ և ԱՊՀ կազմակերպություների շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի և մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցեր:
Ս.թ. օգոստոսի 16-ին այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի մասնակցությունը ՌԴ ԶՈՒ «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:










