ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հայտարարությունն ինչ-որ առումով եզակի է. Վ. Բադասյան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսի՝ հայ- ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան շփման գծում վերջին բախումների կապակցությամբ հայտարարությունը, որում որպես հրադադարի ռեժիմը խախտող կողմ հստակորեն մատնանշվում է Ադրբեջանը, չի կարելի կոչել դիվանագիտական հաղթանակ, սակայն այն եզակի դեպքերից է, երբ իրերը կոչվում են իրենց անուններով: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը:
«Սա կարելի է արձանագրել որպես եզակի դեպք, երբ շփման գծում կատարվածի վերաբերյալ արձանագրվում է ճշմարտությունը: Այնպես չէ, որ չգիտեն, ուղղակի մատուցում են այնպես, ինչպես իրենց է շահավետ»,-ասաց արցախցի պատգամավորը:
Նա այս անգամ ճշմարտությունը մատնանշելու մեջ ևս մի պատճառ է տեսնում և արձանագրում, որ ԱՄՆ-ն այս անգամ Հայաստանին ժեստ է անում:
«Դրանով ուզում են Հայաստանին, որը վերջերս գտնվում էր քաղաքական և միջազգային մեկուսացման վիճակում, ձեռք մեկնել՝ որպես ժեստ: Եվ մյուս կողմից՝ Հայաստանն արդեն ուժի դիրքից է հանդես գալիս, և դա ինձ համար մի հույս է, որ մենք կարող ենք չշարունակել Ռուսաստանին զիջել մեր ինքնիշխանությունը»,-ավելացրեց Վահան Բադասյանը:










