Օգտատերերը չեն հավանել պարտադիր Facebook Messenger հավելվածը
Օգոստոսի սկզբից Facebook սոցիալական ցանցի բջջային սարքավորումների համար նախատեսված Facebook Messenger հավելվածն օգտատերերից և հավելվածների վաճառքով զբաղվող բազմաթիվ խանութներից մոտ 50.000 բացասական արձագանք է ստացել: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով Коммерсант-ին:
Օգտատերերի բացասական արձագանքի հիմնական պատճառը հաղորդագրությունների փոխանակման նպատակով հավելվածի առանձին ներբեռնման անհրաժեշտությունն ու ահռելի թվով թույլտվություններն են, որոնք պահանջում է Messenger-ն իր աշխատանքի համար:
Ինչպես հիշեցնում է աղբյուրը՝ բջջային հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված Facebook Messenger հավելվածը Facebook սոցիալական ցանցը թողարկել է դեռևս 3 տարի առաջ, իսկ 2013թ.-ի ապրիլին ընկերությունը հայտարարել է, որ հաղորդագրությունները մեկ այլ առանձին հավելված է տեղափոխում, որի առկայությունը պարտադիր կդառնա:
Վերջնական փոփոխությունը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին, երբ Facebook -ի օգտատերերը զրկվել են սոցիալական ցանցի հիմնական բջջային ծրագրի միջոցով հաղորդագրությունների փոխանակման հնարավորությունից:
iOS App Store հավելվածների վաճառակետերում տեղադրված հավելվածի ներկայիս տարբերակը վարկանշային 5 աստղից միայն մեկ աստղ է ստացել:










