Նախիջևան. ըստ փորձագետների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների կազմն ու հանդիպման վայրը պատահական չէ

17:02 • 16.08.14

Ինչո՞ւ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում, ինչու՞ Նախիջևան՝ որպես հանդիպման վայր, էներգետիկ ծրագրե՞ր, թե՞ ռազմաքաղաքական նախագծեր, և արդյո՞ք օգոստոսի 18-ին նախատեսված այս հանդիպումը պետք է անհանգստացնի Երևանին ու Թեհրանին: Այս մասին Tert.am-ը զրուցեց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի և Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ: Վերջինիս հետ՝ նաև այն համատեքստում, թե վերջին հարյուրամյակում ընդդեմ Հայաստանի ինչ ադրբեջանա-թուրքա-վրացական դաշինքներ ու միավորումներ են տեղ գտել:


Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ այս եռյակի համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, ինչպես գործնական ասպարեզում, այնպես էլ քարոզչական իմաստով , որի նպատակը տարածաշրջանային տարբեր նախագծերից Հայաստանի դուրս մնալու, մեկուսացված լինելու ցուցադրական դրսևորումներն են: Այսինքն՝ այս հանդիպումներով են դա փորձում խորհրդանշել:


«Այս հանդիպումը ունենալու է 2 նպատակ. առաջինը՝ գործնական, այն է՝ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ ցույց է տալու, որ Հարավային Կովկասում իր երկրի քաղաքականությունը մնալու է տարբերակված. Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը մնալու է թշնամական և դրա փոխարեն՝ սերտ համագործակցություն Ադրբեջանի և Վրաստանի հետ: Եվ մյուս նպատակը՝ քարոզչական բնույթ ունի, որ այս երեք երկրներն իրար հետ համագործակցում են և դրանից դուրս է Հայաստանը: Բայց ասեմ, որ այս հանդիպումը քարոզչական այլ երանգներ էլ կունենա՝ հակահայաստանյան՝ այն իմաստով, որ եթե Հայաստանը գտնվում է ռազմավարական մի դաշինքում,ապա պետք է ցույց տրվի, որ հնարավոր է՝ ձևավորվի մեկ այլ դաշինք, մեկ այլ՝ հարթակ »,- նշեց թուրքագետը:


Հիշեցնենք, որ Նախիջևանում օգոստոսի 18-ին նախատեսվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ՝ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յըլմազի, Իրակլի Ալասանիայի հանդիպումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ, և նախատեսված են ինչպես նախարարների դեմ առ դեմ հանդիպումներ, այնպես էլ քննարկումներ եռակողմ ձևաչափով, այցելություն զորամասեր, Նախիջևանի մշակութային և պատմական հուշարձաններ և այլ միջոցառումներ։


Ամեն դեպքում, Ռուբեն Մելքոնյանը այս հանդիպումն ավելի շատ PR համատեքստում է հակված գնահատելու:


Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք է դիտվում հանդիպման վայրը՝ Նախիջևանը, որն ինքին իր մեջ որոշակի քարոզչական երանգ է պարունակում:


«Ցույց տալու համար, որ Նախիջևանը կարող է դառնալ այն կարևոր հարթակը, որտեղից կարող են ծավալվել հակահայկական նախաձեռնություններ: Եվ դրա մասին է վկայում այն, որ մի քանի անգամ ևս այդ վայրում տարատեսակ հանդիպումներ են եղել: Եվ դրանով ադրբեջանական կողմը փորձում է կարևորել այդ տարածքը: Եվ չմոռանանք, որ ալիևյան կլանը նախիջևանյան կլան է համարվում»,- արձանագրեց Ռուբեն Մելքոնյանը:


«Ինչ վերաբերում է Իրանին, ապա Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները տարբեր հարցերում բախվում են իրար և խնդրահարույց են, և Ադրբեջանի քայլերը, բնականաբար, անհանգստացնում են այդ երկրին»,- ասաց թուրքագետը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք այս հանդիպումը կարող է անհանգստացնել Իրանին ու Հայաստանին:


Նա այս համատեքստում հիշեցրեց, որ Հայաստանի բարեկամ երկիր Իրանը՝ տարբեր առիթներով և տարբեր հարթակներով իր հակաադրբեջանական պահվածքը ի ցույց է դրել, և կարծում է, որ եթե այդ հանդիպմանը հետևեն ինչ-ինչ հայտարարություններ, ապա համարժեք պատասխաններ կլինեն տարածաշրջանային մյուս երկրներից:


Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ, նշեց , որ Վրաստանում իշխանափոխությունից հետո այս երկիրը ավելի փոխլրացնող ու Հայաստանի հետ ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում, և առաջարկեց այս հավաքը չկապել սպասվելիք կոալիցիայի հետ:


«Մի բան, որ ավելի շատ կուզեին անել թուրքերն ու ադրբեջանցիները: Եվ հիշենք, որ Վրաստանը վերջին շրջանում ամենաբարձր մակարդակով արձագանքեց արցախյան ճակատում լարվածության խնդրին և մտահոգություն հայտնեց, որովհետև եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի, դա կարող է տարածվել Վրաստանի վրա»,- արձանագրեց պատմաբանը:


Աշոտ Մելքոնյանը գրեթե 100 տարվա վաղեմության՝ 1918 թվականի, պատմական իրողությունները ներկայացրեց, երբ թուրքերի ներխուժման ժամանակ նման համագործակցություն կար Անդրկովկասյան սեյմում. վրացիների և մահմեդականների մեջ կար ներքին համաձայնություն, որի իմաստն այն էր, որ արշավող թուրքական բանակի ախորժակը պետք է մարվեր հիմնականում հայկական հողերով:


«Նման բան 18-ին է եղել, հիմա աշխարհաքաղաքական իրողություններն այլ են, և այս սպասվելիք հանդիպումը գնահատել, որ ինչ-որ ալյանսի հիմք է հանդիսանալու, ապա պետք է ասեմ, որ այդպես չեմ կարծում»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:


Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի տեսակետը այլ է. ըստ նրա՝ գլխավոր հարցը, որ միավորում է այդ երեք պետություններին, ընդհանուր էներգետիկ կոմունիկացիաներն են, իսկ ապագայում նաև տրանսպորտային կոմունիկացիաները, և այն, որ էներգետիկ-տրանսպորտային ընդհանուր երթուղու աշխատանքը բխում է 3 երկրների ռազմավարական տնտեսական շահերից:


«Եվ նրանք ընդհանուր օրակարգ ունեն այս հարցի հետ կապված, ինչն էլ պարբերաբար քննարկելու և թարմացնելու կարիք ունի: Սա հարցի էական կողմն է, իսկ մյուս կողմը քարոզչական է. այն, որ թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան փորձում են նաև իրենց ձայնը լսելի դարձնել, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս: Եվ քանի որ նրանց կապող օղակը Վրաստանն է, որն էլ դրանից ստանում է որոշակի քաղաքական, աշխարհաքաղաքական , տնեսական դիվիդենտներ, ապա նման ֆորմատում Վրաստանի ներկայությունն էլ տրամաբանական է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը, ով չի կարծում, որ այստեղ գործ ունենք ռազմաքաղաքական դաշինքի հետ, քանի որ գոնե Վրաստանի մասով կարող ենք փաստել, որ այս երկրի շահերը ավելի բազմակողմ են և միայն կապված չեն հարևան թուրքական պետությունների հետ:


Եթե հանդիպումը էներգետիկ-տրանսպորտային խնդիրներին է նվիրված, ուրեմն ինչո՞ւ են հանդիպում պաշտպանության նախարարները։ Ի պատասխան՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Որովհետև էներգետիկ-տրանսպորտային կոմունիկացիաների անվտանգության հարց կա, իսկ մենք գիտենք, որ դրա գլխավոր սպառնալիքն այսօր հանդիսանում է Ռուսաստանը: Եվ նրանք այդ հարցում համատեղ օրակարգ ունեն»:


Ինչ վերաբերվում է նրան, թե ինչու Նախիջևան, ապա քաղաքական վերլուծաբանի անձնական կարծիքով՝ դա թուրքական կողմի գաղափարն է, և որ որոշակի քարոզչական «մեսիջ» է պարունակում ուղղված թե՛ Հայաստանին, և թե՛ Իրանին:


Ռուբեն Մեհրաբյանը հավելեց, որ այո՛, հանդիպումը կնյարդայնացնի Երևանին ու Թեհրանին, բայց նաև կանխատեսեց, որ որոշակի հավասարակշռող քայլեր կլինեն Թբիլիսիի կողմից՝ Հայաստանի ուղղությամբ: Նաև Իրանի, ինչու ոչ, Արևմուտքի կողմից, որն էլ որոշակի կայունացնող և բալանսավորող հայտարարություններ կանի: