ԱՄՆ-ում դեռահաս սևամորթի սպանության պատճառով սկսված ակցիան վերածվել է անկարգության (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել ոստիկանության կողմից սևամորթ դեռահասի սպանության պատճառով, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Օգոստոսի 10-ին ոստիկանը Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում կրակել էր 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին։ Դրանից հետո քաղաքում մի քանի օր շարունակ անկարգություններ էին տեղի ունեցել, մի քանի բնակիչներ ոստիկանության հետ բախումների հետևանքով վիրավորվել էին, իսկ ոստիկանությունն արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ էր կիրառել։
Օքլենդում փողոց է դուրս եկել մի քանի հարյուր մարդ, ինչի հետևանքով երթևեկությունը դադարեցվել է։ Մարդիկ քայլել են ձեռքերը վեր պարզած՝ բղավելով «Մի՛ կրակեք»։
Բողոքի գիշերային ակցիան ուղեկցվել է վանդալիզմի գործողություններով. կոտրվել են ապակիներ, ցուցափեղկեր։
Ֆերգյուսոնում ևս ցույցեր են տեղի ունեցել, սակայն դրանք այս անգամ կրել են խաղաղ բնույթ։
















